Այսօր՝ հունիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Սամվել Ա-ն իր վարած «SHACMAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Նորք-Մարաշի Արմենակյան փողոցում՝ «Yerevan City»-ի դիմաց, հետիոտնի համար նախատեսված վայրից 2 մետր այն կողմ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 74-ամյա Նանուլի Կ.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, սակայն, արձանագրել է հետիոտնի մահը: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները: Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

652