![](https://araratnews.am/admin/images/1718351137.webp)
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները՝ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին Իտալիայում G7-ի գագաթնաժողովի ընթացքում ստորագրել են անվտանգության 10-ամյա երկկողմ համաձայնագիր։ Ինչպես նշվում է փաստաթղթում, որի տեքստը մեջբերում է Reuters-ը, կողմերը դա համարում են «կամուրջ» Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի հնարավոր անդամակցության ճանապարհին։
«Երկու կողմերն էլ գիտակցում են, որ Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է զգալի ռազմական ուժեր, հզոր կարողություններ և կայուն ներդրումներ նրա պաշտպանական ոլորտում, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- ասվում է համաձայնագրում։
Նշվում է, որ ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինային տրամադրել երկարաժամկետ նյութական օգնություն, ինչպես նաև «ուսուցում, խորհրդատվություն, հետախուզական, անվտանգության, պաշտպանական-արդյունաբերական, ինստիտուցիոնալ» և այլ աջակցություն։
Ուկրաինայի դեմ զինված հարձակման կամ սպառնալիքի դեպքում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները 24 ժամվա ընթացքում կհանդիպեն ուկրաինացի գործընկերների հետ՝ որոշելու հետագա քայլերը և երկրի պաշտպանական կարիքները, ասվում է փաստաթղթում։
Այդուհանդերձ, համաձայնագիրը չի ներառում ԱՄՆ-ի պարտավորությունները՝ օգտագործելու ամերիկյան զինուժը Ուկրաինայի պաշտպանության համար: Այն նաև չի պարունակում Կիևի նկատմամբ Վաշինգտոնի ֆինանսական պարտավորությունները։