ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին պատասխանել է գրավոր:

«ԵՄ-ն շարունակում է աջակցել բոլոր չլուծված հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից ձերբակալվածների վիճակին, ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում պահպանել պատշաճ իրավական ընթացակարգը, ձերբակալվածների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն:

ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղ գործընթացին և ճանապարհ հարթել կողմերի միջև վստահության ամրապնդման համար»,- գրել է Բորելը և հիշեցրել, որ այդ կապակցությամբ ԵՄ-ն ողջունել է 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը վստահության ամրապնդման միջոցների, այդ թվում՝ բանտարկյալների փոխանակման վերաբերյալ, և շարունակում է կոչ անել հետագա քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

«ԵՄ-ն շարունակում է համագործակցել Ադրբեջանի հետ մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսության, ինչպես նաև երկկողմ շփումների շրջանակներում: Բաքվում ԵՄ ներկայացուցչությունը ուշադիր հետևում է իրավիճակին տեղում և սերտ կապի մեջ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որը կանոնավոր հասանելիություն ունի հայ բանտարկյալներին:

Բացի դրանից՝ ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ նրանց՝ առանց ահաբեկման և խտրականության, իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը:

ԵՄ-ն նաև շարունակում է աջակցել Ղարաբաղի հայերին, որոնք տեղահանվել են 2023 թվականի սեպտեմբերին և դրանից առաջ, և այդ ժամանակից ի վեր տրամադրել է ավելի քան 33 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն՝ նրանց կարիքները բավարարելու համար՝ ուղղակի մարդասիրական օգնության և Հայաստանի կառավարության բյուջեին աջակցելու միջոցով»,- ասված է պատասխանում:

466