Բագրատ Գալստանյանի շարժումը, ինչպես և սպասվում էր, հասավ իր տրամաբանական ավարտին։ Գալստանյանի սքեմի տակ քաղաքական խայտաբղետ գույների մի ամբողջ ներկապնակ էր ձևավորվել, որը նաև ինչ-որ առումով յուրահատուկ լյուստրացիայի վերածվեց։ Կեղծ արևմտամետներ, որոնք իբր չէին նկատում շարժումը շարժող ռուսական շարժիչը, նախկին իշխանություններին հայհոյող, բայց Գալստանյանի հետևում կանգնած նախկինների ականջները իբր չտեսնող պատեհապաշտներ, դերասաններ, նախկին պալատական ծաղրածուներ, կեղծ եկեղեցապաշտներ։ Սա էր իրենց ասած շարժման կորիզը, իսկ շարժումը իրապես շարժող ուժը՝ ժողովուրդը, այս գործընթացում չկար։ Չկար, որովհետև ժողովուրդն ավելի ռեալ է գնահատում իրավիճակը, ավելի լավ տարբերում թացն ու չորը։

Իշխանության հրաժարականի համար վերջնագրեր ներկայացնող շարժումն այսօր արդեն քավության նոխազներ է փնտրում սեփական շարքերում։ Բնական է, տապալված գործի համար պետք են մեղավորներ։ Եթե պատվիրատուների ակնկալած արդյունքը չես ապահովում, ապա գոնե պետք է ապահովես «գլխատվողների» ցանկը։ Իսկ «գլխատվողների» ցանկը ներկայացնելը հեշտ գործ չէ։

Շարժման առաջնորդները և նրանց թիկունքում կանգնածները սեփական գլուխները փրկելու համար այսօր արդեն փորձում են զոհաբերել նրանց՝ ում գլուխները բառացիորեն մեկ ամիս առաջ բարեկամաբար շոյում էին։

Անբովանդակ, քաղաքականապես մերկ շարժման վախճանը կանխատեսելի էր նաև հենց այդ շարժման առաջնորդների ու կազմակերպիչների համար, և թերևս հենց դա էր պատճառը, որ, առաջին իսկ օրվանից սկսած, նրանք ձեռնամուխ եղան սադրանքների, որպեսզի գոնե այդպես կարողանան կենդանություն հաղորդեն մահացող գործընթացին։ Իսկ գործընթացը մահացել էր հենց մայիսի 9-ի բավական մարդաշատ հանրահավաքից հետո։ Այն, ինչ տեղի էր ունենում մայիսի 9-ից հետո, ընդամենը «հոգեհանգստնի» կարգ էր, որը բավական պրոֆեսիոնալ անցկացնում էր այդպես էլ քաղաքական գործիչ չդարձած նախկին հոգևորականը։

zarkerak.am

480