Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպն առաջարկել է երկրի խորհրդարանում ստեղծել աջ կենտրոնամետ կոալիցիա՝ կազմված կենտրոնամետ և աջ կենտրոնամետ պատգամավորներից՝ այդ ուժերի համար տեղերի մեծամասնություն ապահովելու համար,- գրում է Bloomberg-ը։ «Կարծում եմ՝ մենք կարող ենք դաշինք կազմել, որը մեզ թույլ կտա հարաբերական մեծամասնություն ստանալ»,- պարզաբանել է նա։

Ֆիլիպը, որը ներկայումս գլխավորում է «Հորիզոններ» կուսակցությունը, հավելել է, որ խոսքը որպես այդպիսին կոալիցիայի մասին չէ։ Նրա առաջարկը կարող է օգնել Մակրոնին կառավարել Ֆրանսիան առնվազն հաջորդ տարվա ընթացքում։

Նաև, ըստ նրա, «Միասին հանուն Հանրապետության» և «Հանրապետականներ» միասնությունը խորհրդարանում 220 տեղ կապահովի, ինչը թույլ կտա առաջ անցնել 182 մանդատ ստացած «Նոր ժողովրդական ճակատից»։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Ֆրանսիայում տեղի են ունեցել խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրություններ։ Առաջին փուլում հաղթել են աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը և նրա դաշնակից ուժերը, որոնց օգտին քվեարկել է ընտրատեղամասեր եկած ընտրողների 33,4 տոկոսը։

Հուլիսի 7-ին երկրում կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։ Արդյունքում, ձախ կուսակցությունների կոալիցիան՝ Նոր ժողովրդական ճակատը, հաղթեց Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով երկրի Ազգային ժողովում 182 մանդատ։ Երկրորդ տեղում է Էմանուել Մակրոնի «Միասին» կոալիցիան՝ 168 մանդատով։ Երրորդ տեղում Մարին Լը Պենի «Ազգային միավորումն» է, որն ունի 143 տեղ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում։ Ցուցակում հաջորդը Հանրապետական կուսակցությունն է, այն ստացել է ընդամենը 45 մանդատ։

565