Երեկվանից Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ մասնավորապես Տիգրան Մեծի պողոտայի որոշ հասցեներում հոսանքի տատանումներ են, ու միայն վերջին երկու ժամվա ընթացում այն տատանվել է առնվազն մեկ տասնյակ անգամ։ Araratnews.am-ի խմբագրությունը անմասն չմնաց այդ տատանումներից. համակարգիչները մեկ րոպեի ընցաքում չհասցնելով միանալ՝ դարձյալ անջատվում էին։ Դիմեցինք ՀԷՑ-ին՝ հստակ պարզաբանում ստանալու համար։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը Araratnews-ի հետ զրույցում խնդիրը նախ կապեց օրեր առաջ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում բռնկված հրդեհի հետ, նշելով, որ առաջիկա օրերին խնդիրը կկարգավորվի։
Հարցին՝ արդյոք խնդրահարույց չէ, որ հոսանքը ոչ թե ուղղակի անջատվում է առժամանակ, այլ անընդհատ տատանվում է, Սարջանյանը պատասխանեց․ «Տատանում լինել չի կարող․ ձեզ կարող է թվալ, թե տատանում է, դա փոխանջատում է, որ ձեզ թվում է, թե տատանում է»։ Ասենք՝ մենք մեզ մի կերպ համոզեցինք, թե մեզ թվացել է, որ տատանում է, համակարգիչներին ու շենքի վերելակին ինչպես համոզենք։ Եվ վերջիվերջո՝ մասնագիտորեն լինի դա տատանում, թե փոխանջատում, փաստացի տուժում է խմբագրության ողջ տեխնիկան։
Հ.Գ. Մեր զանգից հետո «թվացյալ» տատանումները դադարեցին։