Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի և այլոց վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան

«Փ.Յ.-ն, 2008 թվականից մինչև 2019 թվականը զբաղեցնելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Մետրոպոլիտեն) տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ:

Մասնավորապես՝

  • Փ.Յ.-ն իր որդու հետ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին կնքել է աշխատանքային պայմանագիր, որի հիման վրա՝ որդին զբաղեցրել է Մետրոպոլիտենի «Կապի և ազդանշանման» մասնաճյուղի պետի տեղակալի, իսկ 2014 թվականի օգոստոսի 4-ից՝ «Ազդանշանման և կապի» մասնաճյուղի պետի պաշտոնները: Փ.Յ.-ն Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահի օժանդակությամբ ստացել է Խորհրդի անդամների միաձայն հավանությունը՝ Մետրոպոլիտենի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 76 շենքի (կապի տան) 944,5 քմ մակերեսով նկուղային հարկն օտարելու վերաբերյալ: Ընկերության տնօրենների խորհրդի գրության հիման վրա՝ Երևանի քաղաքապետը 2013 թվականի օգոստոսի 20-ին գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ առաջարկելով հանձնարարել համապատասխան գերատեսչությանը՝ հրապարակային սակարկությունների միջոցով նշված տարածքը ներկայացնել օտարման: «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի գնահատողը 2013 թվականի հոկտեմբերի 23-ին կազմել է գնահատման կեղծ հաշվետվություն: Հաշվետվության համաձայն՝ 944,5 քմ մակերեսով տարածքի շուկայական արժեքը 2013 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ կազմել է 106 մլն 850 հազար դրամ: Գնահատողը վերոնշյալ փաստաթղթում դիտավորությամբ չի ներառել շենքի նկուղային հարկաբաժնի տարածքի համար հատկացված՝ 0.19459 հա և 0.0038736 հա մակերեսներով հողամասերն ու դրանց շուկայական արժեքները:  Արդյունքում՝ գույքը, որի իրական շուկայական արժեքը 2013 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ կազմել է 194 մլն 880 հազար դրամ, գնահատվել է 106 մլն 850 հազար դրամ: 2013 դեկտեմբերի 4-ին անշարժ գույքն աճուրդի է դրվել, մեկնարկային գին է սահմանվել 106 մլն 850 հազար դրամը: 2013 թվականի դեկտեմբերի 4-ին կայացած առաջին և նույն թվականի դեկտեմբերի 16-ին կայացած երկրորդ աճուրդներին որևէ անձ (այդ թվում՝ Մետրոպոլիտենի տնօրենի որդին) չի մասնակցել, գույքն աճուրդով չի վաճառվել: Մետրոպոլիտենի տնօրենի որդին անշարժ գույքը գնել է երրորդ աճուրդի ժամանակ՝ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին՝ 75 մլն 393 հազար դրամով:
  • Մետրոպոլիտենի տնօրենն իր որդու օժանդակությամբ հափշտակել է 7 մլն 104 հազար դրամ, մեկ այլ դեպքում՝ որդու և Մետրոպոլիտենում աշխատող որդու ընկերոջ օժանդակությամբ՝ 38 մլն 505 հազար դրամ:
  • Մետրո­պոլիտենի տնօրենը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի նախկին տեղակալի խնդրանքով, աշխատանքի է ընդունել երեք վարորդի, ովքեր ընկերությունում փաստացի չեն աշխատել, փոխարենը՝ տարիներ շարունակ որպես վարորդ՝ սպասարկել են Քաղաքապետարանի վերոնշյալ պաշտոնյային ու նրա ընտանիքի անդամներին: Մետրոպոլիտենի բյուջեից 2012 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում երեք վարորդներին վճարվել է 11 մլն 147 հազար դրամ աշխատավարձ, հատկացվել է 11 մլն 887 հազար դրամի բենզին, ավտոմեքենաների տեխսպասարկման համար՝ 5 մլն դրամ: Արդյունքում՝ Մետրոպոլիտենի տնօրենը վատնել է շուրջ 28 մլն դրամ:
  • Մետրո­պոլիտենի տնօրենը ընկերության կարիքների համար ձեռք բերված բենզինից, 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամիս տարբեր խմբաքանակներով հափշտակել է 39 մլն 963 հազար դրամի 110 հազար լիտր բենզին:
  • Մետրո­պոլիտենի տնօրենը 2015 թվականի հուլիսի 1-ին աշխատանքի է ընդունել քաղաքացու, ով աշխատանքի չի հաճախել, չի կատարել իր աշխատանքային պարտականությունները, սակայն Մետրոպոլիտենի բյուջեից 2015-2018 թվականներին ստացել է 7 մլն 120 հազար դրամ աշխատավարձ:
  • Մետրո­պոլիտենի տնօրենը 2011 թվականի մայիսի 27-ին կնքած պայմանագրով աշխատանքի է ընդունել մեկ այլ քաղաքացու, ով նույնպես աշխատանքի չի հաճախել, սակայն ընկերության բյուջեից 2011-2014 թվականներին ստացել է 4 մլն դրամ աշխատավարձ:
  • Մետրո­պոլիտենի տնօրենը, խախտելով «Գնումների մասին» օրենքի պահանջը, առանց մրցույթ հայտարարելու և անցկացնելու, 2017 թվականի օգոստոսի 4-ին Մետրոպոլիտենի անունից ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կնքել է պայմանագիր, որը նույնական է եղել նախորդ տարում կնքած պայմանագրի առարկային, սակայն պայմանագրի արժեքը 220 հազար եվրոյով ավելի է եղել:

                Դատախազը 2024 թվականի 2024 թվականի սեպտեմբերի 12-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Մետրո­պոլիտենի տնօրենի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը) (7 դրվագ), գործող Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝վստահված խոշոր չափի գույքը հափշտակելը), Մետրո­պոլիտենի տնօրենի որդու նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելուն օժանդակելը) (երկու դրվագ): Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել ևս հինգ անձի նկատմամբ: Մետրո­պոլիտենի տնօրենի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը, Մետրո­պոլիտենի տնօրենի որդու նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

2024 թվականի հոկտեմբերի 15-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Նախնական դատալսումների ընթացքում կներկայացվի գույքային հայց»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

224