
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԳ նախարարի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի զեկույցի ժամանակ պատգամավորի կողմից հնչել է հարց COP29 համաժողովի առնչությամբ.
«Հայաստանի համաձայնությամբ Ադրբեջանում նոյեմբերին COP29 նիստը պետք է կայանա, և այդ ժամանակ մենք հիշում ենք, որ նաև ազատ արձակվեցին պահվող անձինք, ովքեր Ադրբեջանում բանտարկված էին։ Հիմա մեր մասնակցությունն առիթ չէ՞ ևս մեկ այդպիսի արդյունք ստանալու՝ այսինքն հասնել նրան, որ ավելի, քան 30 ռազմագերի, որոնք այսօր պահվում են Ադրբեջանի բանտերում, ազատ արձակվեն, և Հայաստանի մասնակցությունը դրանով պայմանավորված լինի։ Այս հարցը գտնվում է օրակարգի մեջ, թե՞ ոչ։»
Նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է․
«COP-ը կայանում է Բաքվում միայն նրա համար, որ Հայաստանն աջակցել է Ադրբեջանի թեկնածությանը, և այդ՝ ընդհանուր չասեմ գործարք, բայց մի խոսակցության շրջանակներում 32 գերի և պահվող անձ միաժամանակ, մի գործողությամբ ազատ է արձակվել:
Ե՛վ COP-ի համատեքստում, և՛ COP-ից դուրս մենք մշտապես խոսում ենք և հետամուտ ենք, և՛ Ադրբեջանի հետ մեր խոսակցություններում, և՛ այլ գործընկերների հետ մեր խոսակցություններում, գերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցին, և նաև այլ հումանիտար հարցերին:
COP-ին որևէ կերպ մեր մասնակցությունը հաստատված չէ, հրավերը ստացել ենք, մենք որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել, և, իհարկե, նաև չենք էլ բացառում, բայց պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, նաև Ձեր ասածի համատեքստում»։