Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շտապօգնության մեքենաների ցանցի բարեփոխման ծրագիրն ակտիվ ընթացքի մեջ է: 4 մարզ արդեն միավորվել է: Մինչև տարեվերջ մարզերը պետք է ամբողջովին միացնենք: 2025-ին կմիանա նաև Երևանը: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Լինելու է հանրապետական մեկ շտապօգնության ծառայություն: Կանչերը սպասարկվելու են ոչ թե կցագրման, այլ մոտակա կանչի սկզբունքով: Իրականացրել ենք թվային քարտեզագրում, փոխել ենք ծրագրային ապահովումը, ավելացրել ենք: Գյումրիում արդեն պատրաստ գործում է զանգերի կենտրոնը՝ միացյալ, լրիվ նոր պայմաններում, նոր սարքավորումներով, վերապատրաստում անցած մասնագետներով»,- ասաց նախարարը:
Ավանեսյանը նաև արձանագրեց՝ վերջին շրջանում նկատելի է նաև շտապօգնության կանչերի թվի նվազում:
«Սա նշանակում է, որ մեր կողմից իրականացվում է գրագետ խորհրդատվություն, իրականացվում է ճշգրիտ գնահատական՝ ինչքանով է այդ կանչն անհրաժեշտ շտապօգնության համար, թե՞ կարող է ուղղորդվել պոլիկլինիկա իր ամբուլատոր բժշկին: Այսինքն՝ այս բոլոր աշխատանքների շնորհիվ մենք կարողացել ենք օպտիմալացնել աշխատանքը»,- ասաց նախարարը և հավելեց՝ աշխատանքների ամբողջացման արդյունքում ամբողջ հանրապետությունում գործելու է երկու զանգերի կենտրոն՝ Երևանում և Գյումրիում:
Ինչ վերաբերում է շտապօգնության մեքենաների թվին, ապա առաջիկայում մինչև 7 մեքենա կհանձնվի շահագործման, և Կորեայի հետ համագործակցության արդյունքում ավտոպարկը կթարմացվի ևս 4 մեքենայով:
«Առաջիկայում կվերափոխվեն նաև շտապօգնության մեքենաների արտաքին ձևավորումը, լուսային լուծումները»,- ասաց նախարարը: