Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունն ընդունեց Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26 ին տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարութան որոշման նախագիծը:
Վարչապետը հավելեց, որ աղետի հետևանքով տուժած քաղաքացիներին կառավարությունը փոխհատուցում էր 2 մասով՝ բնակարանները նորոգելու, իսկ մյուսը՝ թվով 25 ընտանիքների նոր բնակարաններ ձեռք բերելու հարցով. «Եվ սահմանված էր գին, բայց քաղաքացիները բողոքում էին, որ այդ սահմանված գնով հնարավոր չէ համարժեք բնակարան ձեռք բերել, և քննարկումների արդյունքում մեկ քառակուսի մետրի համար սահմանվեց նոր գին՝ 63 հազարի փոխարեն 148 հազար դրամ»:
Վարչապետը հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր է այդ գնով տուն գնել Ալավերդիում և ստեղծել երաշխիք, որ այդ վթարային շենքերը քանդվելու են: Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ասաց, որ բնակիչների հետ պայմանավորվել են և պարբերաբար հանդիպումների ժամանակ ներկայացրել են, որ մինչև շենքից դուրս չգան, փոխհատուցումները չեն տրվելու:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հավելեց, որ նախարարությունը փոխհատուցում է 2 ուղղությամբ, որից մեկը՝ գյուղացիական տնտեսությունների կորուստների մասով է:
Վարչապետ Փաշինյանն ասաց, որ քաղաքացիներին պետք է հստակ ուղերձ տալ, «որ օրինական գրանցեն, որովհետև նաև այսպիսի դեպքեր են լինում, որ ջրհեղեղը կարող է գալ տանել, մարդը ասի՝ գիտեք ինչ, պահեստում ունեցել եմ 5մլնի ապրանք, հիմա կառավարությունը փոխհատուցելիս կամ աջակցելիս այդ թիվը պետք է հաշվի առնի։ Մենք ասենք՝ շատ լավ, այդ ապրանքների ձեռքբերման փաստաթղթերը ցույց տվեք, ասի՝ փաստաթուղթ չկա: Կառավարության տեսակետից չկա փաստաթուղթ՝ չկա ապրանք»: