Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափմանը։ Նա նշել է, որ ավտոկայանատեղիների վարձավճարը նախորդ տարի սահմանելուց հետո չեն նշել, թե բեռնաթափման խնդիրը կլուծվի արմատապես։
Ըստ քաղաքապետի՝ Սարյան փողոցում կամ Կենտրոնի շատ այլ հատվածներում կայանատեղիի գինը, եթե 1000-1200 դրամ էլ սահմանվի, միևնույն է, իրավիճակն արմատապես չի փոխվի։
«Սակայն Խանջյան փողոցում, Մաշտոցի պողոտայում, Սայաթ-Նովա փողոցում և որոշ այլ հատվածներում զգալի փոփոխություններ կան։ Եթե նախկինում կայանատեղ գտնելու համար անհրաժեշտ էր 20 րոպե, ապա հիմա հնարավոր է երեք րոպեում կայանել մեքենան»,- ասել է քաղաքապետը:
Ավինյանը նաև նշեց. «Ամբողջ աշխարհում, երբ կա քաղաքային երթևեկությունը բեռնաթափելու խնդիր, առաջին լուծումը կայանատեղիների սահմանափակումն է և դրանց վճարները: Ես հասկանում եմ, որ դեռևս մնացել է այն մտածելակերպը, որ այնուամենայնիվ սա գումարի հետ է կապված, բայց բացարձակ կարմիր գծերի հարցը երբևէ գումարի հարց չի եղել»: