Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Բեդրիխ Կոպեցկիի գլխավորած պատվիրակությանը։

 

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը և շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության ղեկավար Ռ. Գրիգորյանը։

 

Ողջունելով հյուրերին՝ նախարար Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծեց, որ շրջակա միջավայրի կառավարման գործում շատ կարևորում է միջազգային գործընկերների, եվրոպական երկրների, մասնավորապես` ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը։

 

Նախարարը ներկայացրեց շրջակա միջավայրի ոլորտներում, մասնավորապես բնության հատուկ պահպանվող տարածքներում մեկնարկած բարեփոխումները, որոնք ժամանակավոր առկախվել էին երկրում պատերազմական դրությամբ պայմանավորված։

 

Պարոն Բեդրիխ Կոպեցկին վստահեցրեց, որ իրենք լավ գիտեն հայկական կողմի առաջնահերթությունները, ինչպես նաև լավ գիտեն, որ Հայաստանում բնությունն ազգային ինքնության կարևորագույն մաս է կազմում։

 

Կողմերը փոխադարձ ընդգծեցին, որ երկու երկրների միջև առկա է երկարաժամկետ համագործակցության և փորձի փոխանակման բավականին լավ պրակտիկա։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Թվինինգ գործիքին։Հայաստանում Թվինինգ ծրագրերի պայմանագիր կնքող մարմինը Եվրոպական միության պատվիրակությունն է։

 

Շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնելու է «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը Եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագիրը։ Ծրագրի նպատակն է հզորացնել շրջակա միջավայրի նախարարության կարողությունները կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ոլորտում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (СЕРА) և դրա ճանապարհային քարտեզի համաձայն ստանձնած պարտավորությունները կատարելու համար։ Ծրագրի բյուջեն կազմում է 1 մլն եվրո։

 

Նախարար Ռոմանոս Պետրոսյանը հույս հայտնեց, որ այս հանդիպումը մեծ խթան կհանդիսանա ոչ միայն Թվինինգի հետ կապված հետագա համագործակցության առումով, այլ նաև այն համաձայանգրերի, հուշագրրի, որոնք արդեն իսկ կնքվել են երկու երկրների և գերատեսչությունների միջև։

 

Քննարկվեցին Հայաստնի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չեխիայի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության մասին համատեղ հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության «Դիլիջան» ազգային պարկի և Չեխիայի Հանրապետության «Կրկոնոշե» ազգային պարկի միջև համագործակցության հուշագիրը, ինչպես նաև՝ Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալության և Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության աշխատակազմի Կենսառեսուրսների կառավարման գործակալության միջև տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ համագործակցության հուշագիրը և գործողությունների ծրագիրը երկու գործակալությունների միջև։

 

Հանդիպման ընացքում մատնանշվեց մի շատ կարևոր համագործակցության հանգամանք ևս։ Հաշվի առնելով Չեխիայի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության Անտառների կառավարման ինստիտուտի հարուստ պրակտիկ փորձը անտառների կառավարման ոլորտում, հայկական կողմն առաջարկեց հետագայում մտածել այս բնագավառում ևս որևէ ձևաչափով համագործակցության, չեխական կողմի փորձի ներդրման և գործընթացում հայկական կողմի մասնագետների ներգրավման հնարավորության վերաբերյալ։

 

Կողմերը քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ այլ հարցեր։

Հանդիպման ավարտին նախարարն իր գոհունակությունն հայտնեց համատեղ իրականացվող ծրագրերի որակի վերաբերյալ և Շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն հայտնեց հետայսու ևս գործընկերային մթնոլորտում ձեռնամուխ լինել երկկողմ ստորագրված հուշագրերից բխող պարտականությունների լիարժեք իրականացմանն ու նոր ծրագրերի մեկնարկին, ինչը հիանալի հիմք կհանդիսանա երկու հանրապետությունների միջև դիվանագիտական, հումանիտար և քաղաքական սերտ համագործակցություն կառուցելու։

702