Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանը ցույց է տվել, որ իր հավակնությունները տարածվում են նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա՝ ցանկանալով գրավել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում։ Այս մասին գրել է իսրայելական The Jerusalem Post հրատարակությունը։
Այնտեղ նշված է, որ Իսրայելի ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ առանցքային է եղել Հարավային Կովկասում նրա արտաքին քաղաքականության մեջ: «Այնուամենայնիվ, Ադրբեջանը կարծես ավելի շատ ագրեսիա է ծրագրում Հայաստանի դեմ, ինչը չի բխում Իսրայելի շահերից։ Որպես մարդիկ, որոնք ուշադիր հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, մենք խոնարհաբար կոչ ենք անում Իսրայելին հետ պահել իր դաշնակցին սարսափելի սխալ թույլ տալուց»,- նշված է հոդվածում։
Պարբերականը նշում է, որ այդ միջանցքի նկատմամբ վերահսկողությունը ցամաքային կամուրջ կստեղծի Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի հետ, ինչն էլ իր հերթին կմեծացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավակնությունները, որը Ռուսաստանի հետ «սիրախաղի» հետ մեկտեղ խիստ հակասում է այդ երկրի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի ստանձնած պարտավորություններին։
«Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա կլինի ագրեսիա, որին Իսրայելը չպետք է օգնի կամ հրահրի: Իսրայելը չի հրաժարվի Ադրբեջանի հետ դաշինքից, այլ ավելի շուտ խորհուրդ կտա խուսափել ավելորդ քայլերից, որոնք կարող են տհաճ հետեւանքներ ունենալ: Հայաստանի դեմ նման քայլը պարզապես Ալիևի տարածքային կոնսոլիդացիայի շարունակությունը չէր լինի։ Դա կխախտի Հայաստանի ինքնիշխանությունը, զարգացող ժողովրդավարությունը և արմատապես կփոխի տարածաշրջանային հավասարակշռությունն այնպես, որն ուղղակիորեն ձեռնտու է Թուրքիային»,- նշված է նյութում։