![](https://araratnews.am/admin/images/1738930260.jpeg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Էլեկտրամոբիլները, լինելով նորագույն տեխնոլոգիայի արդյունք, հաճախ ունենում են էլեկտրական անհայտ համակարգեր, որոնք կարող են վթարի ժամանակ վտանգ ներկայացնել ոչ միայն հրշեջ-փրկարարների, այլև վարորդների, ուղևորների և անցորդների համար։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Հաշվի առնելով, թե որքան կարևոր է էլեկտրամոբիլների հետ աշխատելու գործընթացում գիտելիքների և փորձի շարունակական զարգացման գործընթացը՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանով Փրկարար ծառայության ենթակա մարզային ստորաբաժանումների ծառայողների համար ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվել և անցկացվել է «Էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների առանձնահատկությունները» թեմայով 16-ժամյա վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է 14 փրկարար՝ ՀՓՋ հերթափոխի պետեր և օղակի հրամանատարներ:
Դասընթացը բաղկացած էր տեսական և գործնական փուլերից: Դասընթացի տեսական փուլում փրկարարներին ներկայացվել են հետևյալ թեմաները՝ «Էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաների նկարագիրը և կառուցվածքը», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը էլեկտրական ավտոմեքենաների վթարի դեպքում», «Էլեկտրական ավտոմեքենաների վթարի դեպքում անվտանգության ապահովումը», «Փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը էլեկտրական ավտոտրանսպորտային պատահարների դեպքում»:
Վերապատրաստման գործնական փուլն անցել է Eco Motors և Tesla Energy ընկերությունների ավտոսրահներում, որտեղ մասնագետները փրկարարներին տեղում գործնականորեն ներկայացրել են էլեկտրական ավտոմեքենաների կառուցվածքը, առանձնահատկությունները և յուրահատկությունները, անվտանգության կանոնները, առհասարակ ինչպես աշխատել նմանատիպ ավտոմեքենաների մասնակցությամբ վթարների դեպքում՝ հաշվի առնելով բոլոր այն բարդությունները և վտանգները, որոնց կարող են առնչվել փրկարարները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս:
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր, որոնք փաստում են էլեկտրամոբիլների հետ աշխատանքում փրկարարների ստացած գիտելիքների և պատրաստվածության մասին՝ ապահովելով արտակարգ դեպք-պատահարների ժամանակ անվտանգության և արդյունավետության բարձր մակարդակ, ինչպես նաև վստահություն՝ դիմագրավելու հնարավոր մարտահրավերներին և վերացնելու վտանգները:
Էլեկտրամոբիլները վերջին տարիներին աշխարհում ունեն մեծ պահանջարկ՝ իրենց էկոլոգիական առավելությունների, էներգախնայողականության և նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ։ Սակայն, նման ավտոմոբիլների առանձնահատկությունները տարբեր են ավանդական ներքին այրման շարժիչներով աշխատող ավտոմեքենաներից, ինչը պահանջում է հատուկ մոտեցում և գիտելիքներ նաև հրշեջ-փրկարարներից․ որպեսզի վերջիններս կարողանան անվտանգ աշխատել էլեկտրամոբիլների հետ և կանխարգելել հնարավոր վտանգները, կարևոր է հասկանալ դրանց առանձնահատկությունները։
Էլեկտրամոբիլներն աշխատում են հզոր մարտկոցներով, որոնք պահպանում են մեծ քանակությամբ էներգիա, ինչը նշանակում է, որ հրշեջ-փրկարարները պետք է իմանան, թե ինչպես պաշտպանվել հոսանքահարումից և ինչպես ապահով կերպով հոսանքազրկել ավտոմեքենան:
Էլեկտրամոբիլների բնութագրերի մասին հրշեջ-փրկարարների կոորդինացված պատրաստությունն ու ուսուցումը բարձրացնում են անվտանգությունը։ Նրանք պետք է ծանոթ լինեն էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների առանձնահատկություններին, հնարավոր վտանգներին և համապատասխան գործողություններին՝ հնարավոր անցանկալի իրավիճակներից խուսափելու համար։