Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ստեփանավանի համայնքապետարանում այսօր անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի նախագահ Արմեն Առաքելյանը, Ստեփանավան ԲԿ-ի տնօրեն Անուշ Իսպիրյանը, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի, Ստեփանավանի ՄՍԾ պատասխանատու պաշտոնյաներ։ Այս մասին հայտնում է Լոռու մարզպետի աշխատակազմը:

Քննարկվել են Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները, համակարգվել առաջիկա անելիքները՝ կապված հրդեհից տուժած անձանց կարիքների առաջնային գնահատման և ըստ հրատապության՝ բնակիչներին տրամադրվող անհրաժեշտ օգնության գործընթացի հետ։

Հստակեցվել է դպրոցահասակ երեխաներին տրամադրվող գրենական պիտույքների, անհրաժեշտ պարագաների, դեղորայքի կարիք ունեցող անձանց տրամադրվելիք օգնության ցանկը։

Հայկական Կարմիր խաչի Ստեփանավանի մասնաճյուղի ղեկավարը ներկայացրել է ՀԿԽ ընկերության կողմից նախատեսված աջակցությունը, որն այսօր կբաշխվի տուժած ընտանիքներին:

Հանձնարարվել է խիստ հետևողական լինել քաղաքացիների կարիքներին, ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել նրանց խնդիրները։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում երեկ տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ: Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Աշխատանքային խումբը պետք է կազմակերպի հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ և արդյունքների վերաբերյալ վարչապետին պարբերաբար ներկայացնի տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության՝ առաջարկություններ:

Տեղեկացնենք՝ փետրվարի 8-ին՝ ժամը 04։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։ 

Հրդեհի հետևանքով մեկ անձ զոհվել է:

257