Արցախյան պատերազմի ավարտից հետո նոր քարտեզագրմամբ Սյունիքի մարզում որոշ համայնքներ դարձել են սահմանակից Ադրբեջանին: Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ հակառակորդի զինվորների առաջխաղացում է նկատվել: Խնդիր է նաև քարտեզի և GPS–ի սահմանների տարբերությունը:

Araratnews.am-ը ստեղծված իրավիճակի մասին պարզաբանումներ ստանալու նպատակով կապ է հաստատել Սյունիքի մարզից առաջադրված պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հետ, որը նաև պատերազմի առաջին օրերից Սյունիքի սահմանն է պաշտպանել:

«Լարվածություն միանշանակ կա։ Մոտավորապես 30 համայնք դարձել է սահմանամերձ, բայց այդ լարվածությունը իրենից չի ենթադրում խուճապ, վախ: Մամուլով շատ են շահագործում Թասի ոլորանների ճանապարհը, բայց պետք է նշեմ, որ չոփը գերան են դարձնում: Ընդդիմադիր դաշտի կողմից ներկայացված խուճապը իրականությանը չի համապատասխանում»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը՝ մեկնաբանելով սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակի շուրջ տարածված լուրերը:

Նա պատմեց, որ բնակիչների համար ապահով է իրավիճակը, քանի որ հայկական կանոնավոր զորքը կանգնած է: «Զինվորները կատարում են իրենց պարտականությունները: Սյունիքը գտնվում է ՊՆ-ի հսկողության տակ: Կան խնդիրներ, որոնց լուծումը ժամանակ է պահանջում: Դրանք մեր ուշադրության կենտրոնում են»,- նշեց պատգամավորը։

«Հրամանատարությունը հենց պետությունն է, սա ասում եմ Արավուսի դեպքի հետ կապված, երբ մամուլը շեշտադրում էր անում հարցին, թե ինչու է ադրբեջանցիների հետ բանակցել տեղի հրամանատարը: ՊՆ-ի կողմից մարդիկ են նշանակված, որոնք զբաղվում են քարտեզագրման աշխատանքներով: Իհարկե, քաղաքական բանակցություններ նույնպես տարվում են հնարավորինս բարենպաստ լուծումների համար: Առաջիկա ժամանակահատվածում, ես վստահ եմ, որ ԳՇ-ն կամ Սյունիքի զինվորականները հանդես կգան ասուլիսով»,- նշեց մեր զրուցակիցը:

Պատգամավորը նշեց, որ այլ վիճելի տարածքներ ևս կան, օրինակ՝ Շուռնուխի սահմանները: «Երկու օր առաջ եղել եմ մարզում, ամեն բան հանգիստ էր, իրավիճակը վերահսկվում էր զինվորականների կողմից, այո, կան վիճելի հարցեր, բայց ընդհանուր իրավիճակը վերահսկելի է»։

Ավետիս Հարությունյան

2164