Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարարը Կառավարության՝ փետրվարի 20-ի նիստին առաջարկեց հաստատել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները: Մրցույթը տեղի էր ունեցել հունվարի 31-ին: Միակ հավակնորդը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մանուկ Գևորգի Բարսեղյանն էր:

«Խորհրդի 18 ներկա անդամներն էլ գաղտնի քվեարկությամբ կողմ են քվեարկել Բարսեղյանի թեկնածության համար»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Բարսեղյանն արդեն 1 տարի մեծ հաջողությամբ իրականացնում է ռեկտորի պարտականությունները:

Բարսեղյանն ասաց, որ իր փորձը և գիտելիքները կներդնի՝ համալսարանում իրականացնելու բարձր մակարդակի գիտահետազոտական և նախագծային աշխատանքներ, որոնք միտված կլինեն տնտեսության առջև խնդիրների լուծմանը:

«Ուզում եմ ուրախությամբ տեղեկացնել, որ համալսարանը բոլորովին վերջերս դարձել է Եվրոպական ճարտարապետության ասոցիացիայի լիիրավ անդամ: Այդ ասոցիացիայում լիիրավ անդամներ են մեծ հեղինակություն ունեցող բազմաթիվ համալսարաններ: Դրանցից կառանձնացնեի Մյունխենի տեխնիկական համալսարանը, որի հետ Ակադեմիական քաղաքի շրջանակում ունենք համագործակցություն»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նոր ռեկտորին և հիշեցրեց՝ պաշտոնը թափուր էր մնացել Եղիազար Վարդանյանի՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո:

231