
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը ՀՅԴ ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե «Հայաստանը Ֆրանսիայի հետ բարեկամություն ունի այսօր, որովհետև մենք աշխատել ենք, սփյուռքը աշխատել է: Ով էլ լինի Հայաստանի ղեկավարը, նույն բարեկամությունը կզարգանա», միաժամանակ ընդգծել, թե իբր դա կապ չունի Փաշինյանի հետ, Փաշինյանի օրոք այդ բարեկամությունը կա, Փաշինյանից հետո էլ կշարունակվի:
Ի դեպ, հիշեցնենք, որ Փափազյանը հայտնիություն (եթե դա կարելի է անվանել հայտնիություն) ստացավ այն բանից հետո, երբ 2021 թվականին Ֆրանսիայում հարձակում էր կազմակերպել և իրեր նետել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ուղղությամբ, ինչից հետո նրա մուտքը Հայաստան արգելվեց։
Մի կողմ թողնենք Փափազյանի՝ «մենք աշխատել ենք»-ը, քանի որ հանրությունը քաջատեղյակ է՝ ինչպես է դաշնակցությունն «աշխատել»՝ Սփյուռքին, պարզապես, կթու կով դարձնելով, իսկ Ցեղասպանության շահարկումը՝ դրա միջոց։
Վերադառնանք հայ-ֆրանսիական հարաբերություններին․ այն, որ տասնամյակներ շարունակ դրանք բարեկամական են՝ անկախ այդ տարիներին գործող իշխանություններից՝ դա աներկբա է, բայց այդ ժամանակաշրջանում «բարեկամություն» ասվածը ուղղակի արտահայտություն է եղել և վերջ, որովհետև Մուսա Լեռան 40 օրից անդին միայն վերջին տարիներին է, որ Ֆրանսիան գործնականում ստանձնել է ՀՀ թիվ 1 դաշնակից պետության դերը՝ նախ ադրբեջանական հարձակումներից հետո Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայմանը ակտիվորեն նպաստելով, Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան արձանագրելով՝ դատապարտելով այն ամենաբարձր մակարդակով և ամենակարևորը՝ նաև ռազմական դաշնակցի դեր ստանձնելով։
Փարիզը նաև մեծ դերակատարում է ունեցել Հայաստանի՝ ԵՄ Խաղաղության հիմնադրամից 10 միլիոն եվրո տրամադրելու հարցում նախատեսված ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար: Հայաստանի դեպքում, ըստ «Ազատության» աղբյուրների, այս հիմնադրամից տրամադրվելիք միջոցներով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։
Այսպիսով՝ վերջին տարիներին Ֆրանսիան զգալիորեն ընդլայնել է իր ռազմական աջակցությունը Հայաստանին՝ մատակարարելով մի շարք ժամանակակից զինատեսակներ և սարքավորումներ: Ստորև ներկայացված են հիմնական մատակարարումները.
CAESAR ինքնագնաց հաուբիցներ: 2024 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ֆրանսիայից ձեռք է բերել 36 միավոր CAESAR ինքնագնաց հաուբիցներ, որոնք նախատեսվում է ստանալ առաջիկա 15 ամսվա ընթացքում: Այս հաուբիցները համարվում են աշխարհի լավագույն հրետանային համակարգերից մեկը՝ ունենալով մինչև 50 կմ խոցման հեռահարություն և բարձր շարժունակության զրահամեքենաներ:
Ֆրանսիան Հայաստանին մատակարարել է ընդհանուր առմամբ 50 միավոր Bastion զրահամեքենա․ Հայաստանը Thales ընկերությունից պատվիրել է երեք Ground Master 200 (GM200) ռադարներ, որոնք ունակ են հայտնաբերել հակառակորդի օդային թիրախները մինչև 250 կմ հեռավորության վրա: Այս ռադարները նախատեսված են Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգի ուժեղացման համար:
Հայտնի է, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև բանակցություններ են ընթացել Mistral 3 փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ, որոնք նախատեսված են ցածր բարձրության վրա թռչող թիրախների խոցման համար:
2024 թվականի փետրվարին Հայաստանը ստացել է նաև ֆրանսիական արտադրության գիշերային տեսողության հեռադիտակների առաջին խմբաքանակը, ինչը կբարձրացնի զինված ուժերի գիշերային գործողությունների արդյունավետությունը: Այս մատակարարումները և ռազմակրթական ոլորտում երկու երկրների համագործակցությունը վկայում են հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության զգալի խորացման մասին՝ ուղղված Հայաստանի պաշտպանության կարողությունների ամրապնդմանը, ինչը նորից ենք կրկնում՝ բացառիկ է Հայաստանի պատմության մեջ։