
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ նամակ է ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից, որում Կիևն իր պատրաստակամությունն է հայտնում հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղության հասնելու համար, ինչպես նաև Վաշինգտոնի հետ համաձայնագիր ստորագրել հազվագյուտ հողային տարրերի վերաբերյալ։
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ Կոնգրեսի առջև ամերիկացի ժողովրդին ուղղված իր ուղերձում Թրամփն անդրադարձել է արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին։
Նրա խոսքով՝ պատերազմը պետք է շուտափույթ ավարտվի, և ինքը անձնական շահ ունի դրա ավարտի մեջ։ ԱՄՆ նախագահը նշել է, որ բանակցություններ է վարում երկու կողմերի հետ։
«Այսօր ես նամակ ստացա նախագահ Զելենսկիից, որտեղ ասվում է․ «Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղության հասնելու համար: Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները: Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել դրա վրա նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո»,- մեջբերում է Թրամփը:
Նաև, ըստ ամերիկացի առաջնորդի, Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ստորագրելու հազվագյուտ հողային տարրերի վերաբերյալ համաձայնագիր։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ղեկավարին նամակի համար և հավելել, որ բանակցությունները ռուսական կողմի հետ շարունակվում են։ Նրա կարծիքով, Մոսկվան նույնպես պատրաստ է քննարկելու խաղաղ կարգավորման հարցը։