Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես արդեն հայտնել էինք, առողջական խնդիրների պատճառով 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը։  

Դերասանի հետ լուսանկարներով և ցավակցական գրառումներով են կիսվել նրա գործընկերները: 

Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը: 

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է.

«Պատիվ եմ ունեցել ճանաչել Ձեզ անձամբ թե՜ որպես խաղընկեր, թե՜ որպես ընկեր ու ՄԱՐԴ... արարել, ստեղծագործել, լսել Ձեր խոսքը, խորհուրդները, հումորը... չգիտեմ... խոսքեր չեմ գտնում ասելու... հազար Ափսոս... մեր շատ սիրելի պարոն Դեղտրիկյան...»:

Դերասանուհի Գայանե Ավետիսյանը ևս լուսանկարներ է հրապարակել գրելով. «Իմ լավագույն խաղընկեր: Լուսավոր ու բարի Արա Դեղտրիկյան կկարոտեմ»: 

Սցենարիստ, հաղորդավար Դիանա Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է համատեղ լուսանկար և գրառում արել.

«Անկարող եմ խոսել և արտահայտել այն ինչ զգում եմ այս պահին: Ես միշտ սիրով եմ աշխատել նրա հետ, նրա հետ սիրով աշխատում էր իմ խումբը, որովհետև նա միշտ սեր էր տարածում: Բախտ եմ ունեցել նրա հետ գտնվել նկարահանման հրապարակում իբրև դերասանուհի: Լավ գործընկեր, հոգատար ընկեր, բարի անսահման, նկարահանման հրապարակում հումորի պակաս չէր լինում, եթե նա ներկա էր:

Հիշում եմ, թե ինչպես էր մեզ համար համեղ ուտեստներ պատրաստում, որքան համեղ էր պատրաստում: Տոն էր ինձ համար, երբ գիտեի, որ այդ օրը նրա հետ եմ նկարահանման: Հումորի մեծ չափաբաժնով, անսահման բարի, աննկարագրելի շռայլ, հոգատար, սրտացավ, լույս մարդ, վարպետ իր գործում:

Հիշում եմ` որքան հոգատար էր իմ նկատմամբ, երբ կոտրված ոտքով գնում էի նկարահանման: Նա ուներ ուրույն ձեռագիր ոչ միայն կինոյում և թատրոնում այլ նաև` կյանքում: Բազմաբովանդակ մարդ, արտիստ, ընկեր:

Վերջին անգամ նրա տարբերվող ձայնը լսեցի փետրվարի 14 ին` ծննդյան օրը: Այնքան լիահույս էի, որ ապաքինվելու է, խոստացավ, որ մի փոքր լավ զգալու դեպքում անպայման կհանդիպենք… ավաղ:

Նա մի արտիստ էր, որ ի զորու էր մխիթարել ու բժշկել մարդկանց հոգիներն իր մեծագույն զենքերով` տաղանդով ու ծիծաղով»:


Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը ևս ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Լույսերի մեջ մնաս Արա ջան, լավ արտիստ և լավ մարդ»:

Դերասան Արմեն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սունդուկյան թատրոնում Արայի հետ խաղացինք «Մակբեթ»-ում, նա` Մակբեթ, ես` Բանքո, լավ ժամանակներ էին, այդ ներկայացումը մտերմացրեց մեզ, բեմում ընկերներ լինելուց զատ` ընկերացանք նաև կյանքում: Շատ եմ ափսոսում, որ այդքան կենսախինդ և նվիրական արտիստը լքեց այս աշխարհը, ցավալի է»:
Երգչուհի Սոնա Շահգելդյանը ևս անդրադարձել է դերասանի մահվանը.

«Շատ ցավալի է, լավ մարդ ու լավ դերասան: Կյանքը շատ կարճ ու դժվարություններով լի է: Սիրեք իրար, մարդ մնացեք, բարի եղեք, ամեն բան սուտ է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհին:

Գրառմամբ է կիսվել նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը. «Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին: Վշտակցում ենք և սգում մեր սիրելի գործընկերոջ ցավալի կորուստը։»

Լուսանկարներ են հրապարակել դերասանուհիններ Ժաննա Բուտուլյանը, Մարինկա Խաչատրյանը, հաղորդավար Մանե Գրիգորյանը, Արա Ղազարյանը, դերասան Մկրտիչ Արզումանյանը, Մերի Երեմյանը, Արմեն (Մենչ) Պետրոսյանը, Բեն Ավետիսյանը, Աննա Մանուչարյանը:

 

839