
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անձի մոտ հայտնաբերվել է մարիխուանա: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ նա զբաղվել է նաև տարբեր տեսակի թմրամիջոցների ձեռքբերմամբ:
«Պարզվել է, որ Ա.Դ.-ն 2023 թվականի հունվարի 15-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Տելեգրամ հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ, գովազդել է դրանք, այնուհետև՝ ապահովել է թմրամիջոցների առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները և Տելեգրամ հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակի միջոցով դրանք փոխանցվել են թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով թմրամիջոցների իրացումը:
Հիշյալ եղանակով՝ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման միջոցով իրացման նպատակով ձեռք բերված թմրամիջոցներից մարիխուանա տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է Ա.Դ-ի մոտ:
Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Ա.Դ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Խմբի մյուս անդամների ինքնությունը պարզելու նպատակով կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: