Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում մանրամասնել է, թե ԶԼՄ ներկայացուցիչներին ինչ հնարավորություն կտա «Կրթվելը նորաձեւ է» շարժման խորքային, գաղափարական, բովանդակային եւ բազմակողմանի լուսաբանումը:

«Հայաստանյան ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,

Սիրով ուզում եմ տեղեկացնել, որ «Կրթվելը նորաձեւ է» շարժման խորքային, գաղափարական, բովանդակային եւ բազմակողմանի լուսաբանումը կտա ձեզ մասնագիտական զարգացման և ինքնակրթվելու հիանալի հնարավորություն:

Այն լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք ապրիլ եւ մայիս ամիսների ընթացքում թվով ամենաշատ գաղափարական-բովանդակային հոդվածները, հեռուստահաղորդումներն ու ռեպորտաժները կհրապարակեն «Կրթվելը նորաձեւ է» շարժման մասին, կստանան հետեւյալ հնարավորությունները:

Առաջին տեղ՝ 2 հոգու մասնակցություն «Times Summer Academy»-ին, Լոնդոնում հուլիսի 21-25-ը և օգոստոսի 4-8-ը: Մասնակցելու համար պետք կլինի լրացնել հայտ, որը գնահատելու է «Times Summer Academy»-ն: «Իմ քայլը» հիմնադրամը կհոգա մասնակցության բոլոր ծախսերը, ինչպես նաեւ կաջակցի հայտը լրացնելու գործընթացին:

Երկրորդ տեղ՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 8-ից 10-ը Նյու Յորքում մասնակցելու է «Global First Ladies Academy»-ին: Լրատվամիջոցի ներկայացուցիչը հնարավորություն կստանա ուղեկցել Հակոբյանին:

Երրորդ տեղ՝ մասնակցություն Չինաստանում «Գոտի եւ Ճանապարհ» նախաձեռնության մասնակից երկրների համար «Թվային եւ մշակութային զարգացման» սեմինարին, որ կազմակերպում է Չինաստանի Մշակույթի եւ զբոսաշրջության կառավարման կենտրոնական ակադեմիայի կողմից, եւ կկայանա հունիսի 5-ից 18-ը Պեկինում, ինչպես նաեւ՝ նախատեսված են այցեր այլ քաղաքներ:

Ընտրության համար կձեւավորվի հանձնաժողով, որի կազմում մեկական ներկայացուցիչ կլինեն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից, «Կրթվելը նորաձեւ է» շարժման կենտրոնական կոմիտեից, հայաստանյան ԶԼՄ-ներից: Ընտրությունը կկատարվի պարզ հաշվարկով՝ համոզվելով, որ ներկայացված նյութերը գաղափարական եւ բովանդակային են:

Արդյունքները կամփոփվեն հունիսի առաջին շաբաթվա ընթացքում: Մինչ այդ՝ հրապարակված նյութերը պետք է ուղարկել հետեւյալ էլեկտրոնային հասցեով` [email protected]:

Այս նախաձեռնությունը շարունակական է լինելու և առաջիկայում ներկայացվելու են նմանատիպ բազում այլ հնարավորություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

554