
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով Դավթաշենի վարչական ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանի հայտարարություններին, գործընկերներից պահանջեց իրենց հայտարարություններում լինել մաքսիմալ զգույշ։
Հիշեցնենք՝ Մխիթարյանն ասել էր, որ եթե Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպից հետո իրենց կուսակից Տիգրան Տեր-Մարգարյանին հեռացնեն, իրենք բոլորը վայր կդնեն իրենց լիազորությունները։
«Պարոն Մխիթարյան, Դուք մի հայտարարություն եք արել, որի մասին մենք խոսել ենք առանձին։ Ես ուզում եմ այս տարանջատումները որոշակիորեն հստակեցնել։ Այս սենյակում նստած բոլոր մարդիկ գործադիր մարմնի անդամներ են։ Երևանի քաղաքապետարանը կուսակցական կառույց չէ։ Այո, քաղաքական պաշտոններում կան կուսակցականներ, որոնք ելնում են իրենց կուսակցության գաղափարախոսությունից, բայց, այնուամենայնիվ, հարգելիներս, ուզում եմ կրկին բոլորիդ հիշեցնել, մանավանդ՝ ձախ կողմում նստած բոլոր իմ հարգելի գործընկերներին․ դուք բոլորդ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն եք ձեր վարչական շրջաններում, իմ ներկայացուցիչներն եք, և, համապատասխանաբար, ես պետք է ձեզնից խնդրեմ և պահանջեմ՝ ձեր հայտարարություններում առաջին հերթին ելնել դրանից, որովհետև ձեր պաշտոններն՝ այս պահի դրությամբ, ծառայություն է Երևան քաղաքին և երևանցիներին, ձեր վարչական շրջանում ձեր ծառայությունը պետք է լինի ձեր համար գերակա։ Հետևապես, ձեր հայտարարություններում մաքսիմալ զգուշություն պիտի պահանջեմ»,- ասաց քաղաքապետը։
Տիգրան Ավինյանը շեշտել է, որ Ռոմիկ Մխիթարյանի հայտարարությունը սխալ է եղել․ «Ձեր հայտարարությունը սխալ հայտարարություն էր, որովհետև Երևանի քաղաքապետը չի կարող զուտ կուսակցական տրամաբանությունից ելնել, կամ մեկին սիրել, մյուսին չսիրել։ Տարբեր պատճառներով որևէ մեկը կարող է դուրս գալ աշխատանքից, և այլ մեկն ընդունվել աշխատանքի»,- ասաց քաղաքապետը։