ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ ձայնագրություն որևէ մեկի կողմից չի տրամադրվել։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից։

«Դա բացարձակ ապատեղեկատվություն է, և նշված քրեական գործի շրջանակներում որևէ ձայնագրություն որևէ մեկի կողմից չի տրամադրվել»,- ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը լրատվամիջոցներին հաստատել էր այն տեղեկությունը, որ վարույթ իրականացնող մարմինը պահանջել է ձայնագրությունները, ինչը տրամադրվել է։

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նոյեմբերի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել։

15 Դեկտեմբեր, 2020 22:24
286
; ;