
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության զարգացումը նաև տեղական մակարդակում հնարավորություն կտա ստեղծել տարածաշրջանային համագործակցության այնպիսի նախադրյալներ, որոնք կնպաստեն Հարավային Կովկասի համալիր զարգացմանն ու խաղաղության ապահովմանը։
«Ամենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայ-վրացական համաժողովի պատվիրակների հետ Իջևանում կայացած հանդիպման ժամանակ հայտնեց Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։
Նրա տեղեկացմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում նշանակալի աշխատանքներ են կատարվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ, որն այսօր հանդիսանում է տարածաշրջանային զարգացման կարևոր երաշխիք։
«Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին տեղական մակարդակում, ապա դրանց զարգացումը մենք տեսնում ենք նաև հարևան համայնքների ու վարչական միավորների փոխգործակցության ակտիվությամբ, որը կարող է դրսևորվել մշակութային, մարզական ու տնտեսական միջոցառումների միջոցով։ Մենք ունենք փոխըմբռնման հուշագրեր Դիլիջանի և Գուրջաանի, Դիլիջանի և Ծղալտուբոյի, ինչպես նաև Իջևանի և Ռուսթավիի միջև։ Տնտեսական միջոցառումների շարքից կցանկանամ առանձնացնել ցուցահանդեսների ու փառատոնների կազմակերպումը, որոնք էական խթան են հատկապես սահմանամերձ հատվածում գտնվող գործարար հատվածի ներկայացուցիչների շփվելու, համատեղ նախագծեր մշակելու, սպառման շուկաներն ընդլայնելու և նոր արտադրանք մշակելու տեսանկյունից։ Տավուշի մարզում արդեն երկու տարի է իրականացնում ենք «Միմինո» հայ–վրացական խոհարարական փառատոնը»,- ասաց Ղուշչյանը։
Մարզպետի տեղակալը տնտեսական հարաբերությունների համատեքստում հավելեց, որ զբոսաշրջությունը և դրա շրջանակում գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը այն հիմնական ուղղություններն են, որոնք ունեն զարգացման մեծ ներուժ։ Չնայած դրանք արդեն իսկ հանդիսանում են հայ-վրացական տնտեսական համագործակցության կարևոր ուղղություններ, սակայն հաշվի առնելով տարածաշրջանային զարգացման հեռանկարներն ու նոր միտումները, հնարավոր է հասնել փոխշահավետ համագործակցության նոր մակարդակի՝ համատեղ գործողությունների միջոցով։
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ինչպես զբոսաշրջության, այնպես էլ գինեգործության ոլորտում Հայաստանը և Վրաստանը հանդես են գալիս որպես տարածաշրջանային առաջատար երկրներ, անհրաժեշտ է առողջ մրցակցությունից բացի, հնարավորություն ստեղծել նաև կլաստերային համագործակցության համար, որի նախադրյալներն առկա են 2023թ-ին երկու երկրների ղեկավարների միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի ընդունման, ինչպես նաև հաղորդակցության պարզեցված ընթացակարգերի ներդրման համատեքստում։ Կարևոր է այն հանգամանքը, որ բավականին պարզեցվել է հայ-վրացական սահմանի հատումը ֆիզիկական անձանց համար, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում տնային տնտեսությունների և սահմանակից բնակավայրերի փոքր բիզնեսի միջսահմանային շարժի տեսանկյունից։ Դա կարող է նպաստել գործարար փոխայցելությունների ակտիվացմանը և դրա շրջանակում մայրաքաղաքներից հեռու տարածաշրջանների զարգացմանը»,- մանրամասնեց Ղուշչյանը։
Նրա դիտարկմամբ՝ տնտեսական համագործակցության կարևոր ուղղություններից կարող են հանդիսանալ բեռնափոխադրումների ոլորտում ծառայությունների մատուցումը՝ հաշվի առնելով Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան կառուցվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին և Վրաստանի ճանապարհային ենթակառուցվածքները։