Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Աթենք կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Հունաստանի կրթության, կրոնի հարցերի և սպորտի նախարար Սոֆիա Զախարակիի հետ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցել են Հունաստանի կրթության, կրոնական գործերի և սպորտի բարձրագույն կրթության հարցերով փոխնախարար Նիկոլաոս Պապաիոանուն, Մասնագիտական ուսուցման գլխավոր քարտուղար Օլգա Կաֆեցոպուլուն, Կրթության, կրոնական գործերի նախարարության կրթական քաղաքականության ինստիտուտի տնօրեն Պանայոտիս Պասսասը, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի և Հունաստանի միջև առկա բարեկամական ու բազմակողմանի հարաբերությունների խորացումն ու զարգացումը, լավագույն փորձի փոխանակմանը միտված նախաձեռնությունների խրախուսումը:

Անդրադառնալով ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ակադեմիական քաղաքի նախագիծը: Նրա խոսքով՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ միջագային համագործակցության ընդլայնումը ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ոլորտի զարգացման հիմնական ուղղություններից է։ ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև գործընկերային կապերի զարգացումը ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում, մասնավորապես՝ ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի և համատեղ այլ նախաձեռնությունների իրականացմամբ։

Նախարար Ժաննա Անդրեասյանը նաև պատրաստակամություն է հայտնել ներկայացնելու հայաստանյան փորձը՝ նշելով, որ Հայաստանում որակյալ կրթական ծառայություններ է մատուցվում նաև ոչ ֆորմալ կրթությամբ՝ առանձնացնելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մասնագիտական կրթութան և ուսուցման ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովը 2024 թվականին ընդունել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը, որը մշակվել է ԵՄ և այլ միջազգային գործընկերների աջակցությամբ՝ երկարատև համագործակցության արդյունքում։

Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման համատեքստում անդրադարձ է եղել նաև Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի գործունեության կարևորությանը, փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև ՄԿՈՒ ոլորտում հունական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության և համատեղ կրթական ծրագրերին առնչվող հարցերի վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարին այցելության համար՝ Հունաստանի կրթության, կրոնի հարցերի և սպորտի նախարար Սոֆիա Զախարակին բարձր է գնահատել ՀՀ կառավարության՝ կրթության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ իրականացվող մեծածավալ աշխատանքներն ու ներդրված ջանքերը։ Զախարակին պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու համագործակցությունը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում, ինչպես նաև հետաքրքրություն է ցուցաբերել ոչ ֆորմալ կրթության ոլորտում Թումո կենտրոնի գործունեության ուսումնասիրմամբ և փորձի փոխանակման հնարավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք վերաբերել են, մասնավորապես, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, ինչպես նաև ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում հին հունարենի ուսուցման խորացմանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի Հանրապետության կրթության, կրոնի գործերի և սպորտի նախարարության միջև ստորագրվել է 2025-2029 թթ. կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ծրագիր:

113