Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ շարունակում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Այն իրականացվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ծրագրի նպատակն է մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Այս եզակի նախաձեռնության շնորհիվ մարզային հանդիսատեսը հնարավորություն ունի ունկնդրելու դասական երաժշտության բարձրաճաշակ կատարումներ:

Մարզային հյուրախաղերի ընթացքում նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա աշխարհահռչակ և հայ հանդիսատեսի կողմից սիրված ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։

Ծրագրում ընդգրկված են Ժան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը, Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանքը, Էդուարդ Հարությունյանի «Վալսը» և հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից։

Համերգները կանցկացվեն ՀՀ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի մի շարք քաղաքներում։ Նախատեսված է 6 համերգ հետևյալ ժամանակացույցով.

  • սեպտեմբերի 2-ին՝ Ստեփանավանի մշակույթի պալատում,
  • սեպտեմբերի 3-ին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում,
  • սեպտեմբերի 10-ին՝ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում,
  • սեպտեմբերի 11-ին՝ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում
  • սեպտեմբերի 13-ին՝ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական թատրոնում,
  • սեպտեմբերի 14-ին՝ Սիսիանի Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնում:

Գորիսի և Սիսիանի համերգները կազմակերպվում են «Քոնթուրգլոբալ հիդրո կասկադ» ընկերության աջակցությամբ։

84