Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սպիտակ տունը հուլիսի 16-ին գաղտնազերծել և հրապարակել է ԱՄՆ Ազգային հետախուզական խորհրդի 2020 թվականի զեկույցը, որտեղ ներկայացված են ամերիկյան հետախուզական համայնքի գնահատականները մի շարք երկրների առաջնորդների և իշխանությունների դիրքորոշումների վերաբերյալ՝ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին։
Զեկույցի համաձայն՝ ԱՄՆ հետախուզական համայնքը կարծում էր, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը մտահոգված էր Դոնալդ Թրամփի հնարավոր պարտությամբ։ Փաստաթղթում ընդգծվում է նաև, որ Թրամփը «ԱՄՆ ցանկացած նախագահի համեմատ ամենաբարյացակամն էր Սաուդյան Արաբիայի նկատմամբ», ինչն, ըստ հետախուզության գնահատականի, կարող էր պայմանավորել Էր Ռիադի նախընտրությունները։
ԱՄՆ հետախուզությունը նաև գնահատել էր, որ այն ժամանակվա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չէր ցանկանում Դոնալդ Թրամփի վերընտրությունը։ Զեկույցում նշվում է, որ այդ դիրքորոշումը պայմանավորված էր երկու առաջնորդների միջև անձնական տարաձայնություններով, ինչպես նաև Մերկելի այն համոզմամբ, որ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը բարդացնում էր Գերմանիայի, Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի աշխարհաքաղաքական դիրքերը։
Փաստաթղթի համաձայն՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) անդամները, ենթադրաբար, 2020 թվականին փորձել են օգտվել կայքերի խոցելիություններից՝ գրանցված ընտրողների տվյալները ձեռք բերելու նպատակով։
Զեկույցում նաև պնդվում է, որ 2020 թվականի ընտրություններից առաջ Չինաստանը կոտրել է ԱՄՆ մի քանի նահանգների ընտրողների գրանցման համակարգերը։
Նշվում է նաև, որ թուրքական իշխանությունները գաղտնի փորձել են ազդել ամերիկացի քաղաքական գործիչների և ԱՄՆ-ում տեղական ընտրական գործընթացների վրա։