Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Bloomberg» գործակալության տեղեկություններով՝ Օմանի և Իրանի ներկայացուցիչները բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով նավագնացության մասին համաձայնագրի շուրջ։
Աղբյուրի տվյալներով՝ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկում են ջրային այս ուղու երրորդ նավարկային միջանցքի վերագործարկումը։ Ներկայումս նավերը հիմնականում օգտվում են երկու երթուղուց՝
- հյուսիսային միջանցքից, որն անցնում է Իրանի ափերին մոտ,
- հարավային միջանցքից, որը գտնվում է Օմանի ափերին ավելի մոտիկ։
Երրորդ միջանցքը տեղակայված է այս երկու ուղիների միջև, սակայն այն գրեթե չի օգտագործվել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից հետո։
«Bloomberg»-ի փոխանցմամբ՝ օմանցի բանակցողները լավատես են և ակնկալում են, որ համաձայնագրի մասին կարող է հայտարարվել արդեն առաջիկա օրերին։
ԱՄՆ-ի և Իրանի միջև հերթական լարվածության սրացումը սկսվել է հուլիսի 8-ին։ Այդ օրը ԱՄՆ զինված ուժերը, Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից հետո առաջին անգամ, մի քանի շարք հարվածներ են հասցրել Իրանի տարածքին՝ հայտարարելով, որ դա պատասխան էր Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա իրականացված հարձակմանը։