Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 30-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանում, տեղի է ունեցել Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) նվիրված միջոցառում՝ կազմակերպված Եվրոպական խորհրդարանի Շրջակա միջավայրի, հանրային առողջության և սննդի անվտանգության հանձնաժողովի (ENVI) կողմից՝ Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) հետ համագործակցությամբ։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:
Բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական խորհրդարանի անդամներ, COP17-ի Եվրոպական խորհրդարանի պատվիրակության համանախագահներ Շտեֆան Քյոլերը և Սեզար Լուենան։

Որպես գլխավոր բանախոս հանդես է եկել COP17-ի ՀՀ նախագահության հատուկ բանագնաց, դեսպան Մհեր Մարգարյանը՝ ներկայացնելով նախագահության առաջնահերթությունները և Երևանում կայանալիք համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Մհեր Մարգարյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող համագործակցությանը՝ ընդգծելով ԵՄ կարևոր դերը կենսաբազմազանության ֆինանսավորման, ինչպես նաև տնտեսական և ներդրումային որոշումների կայացման գործընթացներում կենսաբազմազանությանն առնչվող դիտարկումների ընդգրկման գործում։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել կենսաբազմազանության ռեսուրսների մոբիլիզացմանը, մշտադիտարկմանը, ինչպես նաև կարողությունների բացերի հաղթահարմանն ուղղված միջազգային համագործակցությանը:
Մասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները և Կողմերի ու շահագրգիռ դերակատարների հետ ներառական համագործակցությունը՝ ընդգծելով Երևանում համաժողովի հաջող անցկացմանն ուղղված եվրոպական շարունակական ներգրավվածության կարևորությունը։