
Araratnews.am-ի թղթակից Թագուհի Մանուկյանի հետ զրույցում ժամկետային զինծառայող Մարատ Զաքարյանը պատմեց ծառայության և մարտական ուղու մասին։
Մարատ ինչպե՞ս կցանկանայիր ծառայել բանակում:
Ազատ, անկախ, առանց պարտավորվածությունների։
Որտե՞ղ կցանկանայիր ծառայել:
Ցանկալի կլիներ ծառայել հասարակության մեջ, օրինակ` քաղաքում կամ մոտակայքում։
Ինչո՞վ ես զբաղվում բանակում։
Ընթերցանությամբ, հասարակական ակտիվներով, գումարտակի կարգուկանոնով, հաստիքապաշտոնային խնդիրներով, զինվորի առօրյա գործերով։
Ի՞նչ գրքեր ես սիրում ընթերցել։
Սիրում եմ ընթերցել տարբեր ժանրերի գրքեր` ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան։
Ինչպե՞ս կնկարագրեիր ծառայությունդ։
Իմ ծառայությունը ընթանում է առանց խոչընդոտների, և կցանկանայի, որպեսզի բոլոր նորակոչիկները լավ տրամադրվեն ծառայությանը։ Չփնտրեն մանրուքներ` ազատվելու զորակոչից, առանց այն էլ շատ չենք մնացել պատերազմի հետևանքով։ Ծառայությունը կրկնապատիկ ծանրացել է, քանզի ես և մնացած զինվորները կատարում ենք մեր առջև դրված խնդիրները 200%-ով։
Սպաները` ծառայությանդ ընթացքում:
Սպաները ցույց տվեցին իրենց լավագույն կողմերը։ Ամենից առաջ ես նրանց դիտում եմ որպես եղբայր, ապա նոր` հրամանատար, ես անձամբ ունեմ սպա ընկերներ, որոնք ջանք չեն խնայում դաստիարակելու հզոր բանակ։
Բանակը փոխե՞լ է ձեր բնավորությունը։
Այո, 180 աստիճանով փոխել է։ Սովորեցրել է սթափ մտածել, սառը դատել, անհամբերություն, ընկերասիրություն, հայրենիքի նկատմամբ ստերեոտիպերի վերացում։
Խոսենք պատերազմի մասին։ Ինչպե՞ս տեղեկացաք պատերազմի մասին, ի՞նչ գործողություններ կատարեցիք այդ պահին։
Սեպտեմբերի 26-ի գիշերը մեզ տեղեկացրին, որ հակառակորդի կողմից սպասվում են սադրիչ գործողություններ, իսկ առավոտյան, չմտածելով, որ կարող է այդպիսի ուժգին հարված հասցնել հակառակորդը, մենք խուճապի չմատնվեցինք, ոչնչացնում էինք ցանկացած խոչընդոտ, սակայն մեր ուժը չհերիքեց և ստիպված եղանք զբաղեցնել ավելի բարենպաստ դիրքեր հետևում։
Կպատմե՞ս քո մարտական ուղուց։
Սեպտեմբերի 27-ի առավոտյան հանձնելով հերթապահությունս՝ ցանկացա հանգստանալ։ Ժամանակ անց աչքերս բացվելուն պես լսեցի պայթյուններ, ծուխ և ռադիոհեռախոսի մոտ նստած սանհրահանգիչին, որը փոխանցում էր վաշտի հրամանատարի կարգադրությունները` ինչպես ճիշտ վարել մարտը։ Վազելով զորանոց՝ արագ հանդերձավորվեցի, մեկնեցի կրակային դիրք և անհապաղ արձակեցի ականանետի կրակ։ Այդ պահից սկսած կարծես մեջս ինչ-որ մի բան փոխվեց, վախը վերացավ, սկսեցի սթափ դատել և կենտրոնանալ միայն հրամանատարի տված նշանակետերի վրա։ Առանց նահանջելու՝ 43 րոպեում միայնակ 2 ականանետով արձակեցի 260-ական արկ` վերացնելով հակառակորդի դիտակետերը, թեթև զրահատեխնիկան, կենդանի ուժը և ամենակարևորը, որ այդ ժամանակ մեզ կարող էր ուրախություն պարգևել, գցեցի Լելեթեփեի բարձունքին ծածանվող ադրբեջանական դրոշը։ Բոլորը ոգեշնչվեցին, բայց, ցավոք, հակառակորդն անթիվ ուժեր էր մտցրել մարտի դաշտ, և մենք նպատակահարմար գտանք նահանջել։
Մի քանի օր դիմադրելով` Նյուզգարում մենք վերացրեցինք ահռելի քանակի ուժեր։ Հոկտեմբերի 3-ի գիշերը պաշտպանական շրջանը հրաման է ստանում նահանջելու, բայց, ցավոք, ես չեմ նահանջում, մնալով Նյուզգարում` 6 հոգանոց անձնակազմով։ Մենք դուրս ենք գալիս շրջափակումից և ուղղությունը վերցնում դեպի Հադրութ։ Հադրութում կրկին կազմավորվելով և ստանալով մարտական խնդիր՝ հոկտեմեբերի 9-ի գիշերը մեկնում ենք Դ1 հրետանային դիվիզիոնի դիտակետ։ Այնտեղ ունենալով վիրավորներ և զոհեր՝ մենք չենք նահանջում` պատճառելով հակառակորդին ահռելի քանակի զրահատեխնիկայի և կենդանի ուժի կորուստ։ Նրանք, նկատելով մեր դիրքը, սկսեցին կիրառել չթույլատրվող զենքեր՝ Սմերչ, Տոսս, ինքնաթիռներ և այդպես շարունակ։ Մենք նահանջեցինք Ֆիզուլի, որտեղ հայտնվելով շրջափակման մեջ` դիմադրեցինք 7 օր հակառակորդին չթողնելով առաջխաղացում ունենալ դեպի Մարտունի։ Այնտեղ կյանքս վտանգի տակ դնելով, կորցնելով բազմաթիվ զինակից ընկերներիս՝ սողեսող դուրս եմ բերել վիրավոր հրամանատարին, ապա շարժվելով դեպի Ճարտար` մենք զբաղեցրեցինք դիրքերը և անառիկ պահեցինք մինչև պատերազմի ավարտը։
Նշենք նաև, որ Մարատն այսօր նշում է իր 20-ամյակը։ Araratnews.am-ը շնորհավորում ու մաղթում է անփորձանք և խաղաղ ծառայություն։