Փետրվարի 15-ին աշխարհը նշում է մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը։
Այս օրը միջազգային օրացույցում իր տեղը գտավ 2002 թվականին:
Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է՝ «Մեր ձեռքերով»: Մանկական քաղցկեղը կարող է բուժվել, իսկ բուժվածների վիճակը՝ բարելավվել, եթե բոլոր շահագրգիռ կողմերը շարունակեն վճռականորեն գործել առանցքային ոլորտներում:
Օրվա հիմնական նպատակն է սևեռել հասարակության ուշադրությունը մանկական քաղցկեղային հիվանդությունների խնդրի վրա՝ ևս մեկ անգամ հիշեցնելով դրանց վտանգավորության, ինչպես նաև վաղ ախտորոշման և կանխարգելման անհրաժեշտության մասին: Վաղ հայտնաբերումը նվազեցնում է հիվանդության մահացու ելքի հավանականությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն՝աշխարհում տարեկան 250 հազար երեխա հիվանդանում է առաջնային չարորակ ուռուցքով: Տարեկան 90 հազար երեխա մահանում է քաղցկեղից:
Երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը՝ լեյկեմիան, երկրորդ տեղում են ավշային համակարգի չարորակ ախտահարումները՝ լիմֆոմաները, երրորդ տեղում գլխուղեղի, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներն են:

Լուսանկարում Հորդանանի արքայադուստր, Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (Union of International Cancer Control) նախագահ Դինա Մայրեդն է «Մուրացան» հիվանդանոցային համալիրում, 2017 թվականին:

 

882