Araratnews.am-ը սկսում է հարցազրույցների շարք հայ մարզիկների հետ։ Մեր առաջին զրուցակիցն է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովը։

 

Կասպարովը հանդես է եկել բազմաթիվ հայկական ու միջազգային ակումբներում։ Նրա առաջին քայլերը եղել են Երեւանի «Դինամո»-ում, որտեղ հանդես էր գալիս որպես կենտրոնական պաշտպան, սակայն դարպասապահի խնդիր ունենալը ճակատագրական է դառնում նրա համար։

 

Գևորգի հետ զրուցեցինք Հայաստանում ֆուտբոլային վիճակի մասին։

Գևորգ, ինչո՞ւ որոշեցիք կանգնել դարպասապահի դիրքում։

Մանկապատանեկան տարիքում եղել եմ կենտրոնական պաշտպանի դիրքում ու բավականին լավ էի խաղում։  Մեր դարպասապահի հիվանդանալը ճակատագրական  դարձավ իմ կարիերայի համար, երբ մարզիչը որոշեց մի քանի հոգու փորձարկել դարպասապահի դերում։ Ինձ մոտ լավ ստացվեց, ու մարզիչը ընտրեց ինձ։ 

 

Եկեք պատկերացնենք, որ ֆուտբոլում դարպասապահներ չկան։ Ի՞նչ դիրքում կլինեիք այդ ժամանակ։

Չեմ պատկերացնում, բայց երևի` պաշտպանի դիրքում։

 

Ինչո՞ւ։

Որովհետև դարպասապահին մոտիկ ամպլուա է։

 

Ասում են, որ դարպասապահները առանձին կաստա են և նույնիսկ այլ կերպ են մտածում։ Արդյոք դա այդպես է։

Դարպասապահն ունի յուրահատուկ դերակատարություն ուժեղ լիդերի հատկանիշներով։ Ընդհանրապես դարպասապահը պետք է լինի ուժեղ անհատականություն ու նույնիսկ խենթ (ծիծաղում է)։

 

Դարպասապահները ավելի շատ ոտքերով են խաղում թե՞ ձեռքերով։

Պատկերացրեք, ժամանակակից ֆուտբոլում այսօր ոտքով խաղալը շատ կարևոր է։ Օրինակ` եղել են խաղեր, որ ոտքերով ավելի շատ ես խաղացել, քան ձեռքերով։

 

Ինչ-որ ավանդույթ-սովորություն ունե՞ք, որն անպայման  անում եք խաղից առաջ կամ հետո։

Ոչ, չունեմ։

 

Հանդիպման ընթացքում տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում հակառակորդի տուգանային հրապարակում։

Դարպասապահը պետք է տեսնի ամբողջ դաշտը։

 

Ի՞նչն է ավելի վիրավորական, երբ գնդակը բաց եք թողնում ոտքերի արանքով, թե ձեռքի մոտով։

Վիրավորական չի, բայց ցանկալի էլ չէ։

 

Ձեզ մոտ եղե՞լ է այդպիսի դեպք։

Այո, եթե չխաղայի, չէր լինի։

 

Եղե՞լ է դեպք, երբ գոլը բաց թողնելիս գիտակցել եք, որ այդ պահին դարպասը փրկելն անհնար էր։ Անգամ մտածել եք` ինչ գերազանց գնդակ էր։

Գնդակներ կան, իրոք անկասելի են, բայց այդ պահին չեմ մտածել։ 

 

Ո՞ր ակումբում եք ավելի հաջողակ եղել, եւ ընդհանրապես, Ձեր ամբողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում ի՞նչ հաջողությունների եք հասել։

Դժվարանում եմ պատասխանել, գրեթե բոլոր ակումբներում դրական արդյունքների հասել եմ և ընդհանրապես գոհ եմ իմ ակումբային կարիերայից, չնայած որ կարող էի ավելի լավ տեղերում հանդես գալ։

 

Հայտնի է, որ սահմանել եք սեփական ռեկորդ` խաղալով 40 տարեկան 140 օրականում, դեռ որքան եք պատրաստվում սահմանել այդպիսի ռեկորդներ։

Ճիշտն ասած՝ չեմ մտածել այդ ուղղությամբ։

 

Ե՞րբ եք որոշել ավարտել ֆուտբոլային կարիերան։

Այս տարի։

 

Ինչպիսի՞ն է այսօր «ֆուտբոլային վիճակը» Հայաստանում։

Խնդիրներ շատ կան, բայց հուսամ` լավ կլինի։

 

Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը։

Անդադար օտարերկրացիներ են բերում, մեծամասամբ ոչ որակյալ, իսկ մեր խաղացողները դուրս են մնում գործնականում։ Դարպասապահներին էլ մղում են երկրորդ պլան։ Բազմիցս ասել եմ` այսպես հեռու չենք կարող գնալ։ 

 

Ի՞նչ եք կարծում, երբևէ Հայաստանը կունենա՞ նորմալ ֆուտբոլ, ինչպես Եվրոպան։

Կարծում եմ՝ այո, եթե ամեն մեկը իր գործով զբաղվի, անպայման կունենա։

 

Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ապագա ֆուտբոլիստներին։

Անդադար աշխատել ու չընկճվել։ Նպատակասլացություն ունենալ և չբավարարվել ստացած հաջողություններով։

 

Հեղինակ՝ Թագուհի Մանուկյան

906