ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Բրիտանական խորհրդի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ Բրիտանական խորհրդի անգլերենի և կրթության ծրագրի իրականացման շրջանակում համագործակցության վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Համագործակցության նպատակն է համակարգել Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող անգլերենի և կրթական ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքները, որոնք նպատակ ունեն նպաստել Հայաստանի կրթության բարեփոխումներին` խթանելով դասավանդման և ուսումնառության որակի բարձրացումը:

Հուշագրի շրջանակում նախատեսվում է ՀՀ պետական ​​դպրոցների շարունակական մասնագիտական ​​կողմնորոշման քաղաքականության և շրջանակի մշակում: Բացի դրանից՝ կողմերը կիրականացնեն «Ապագա անգլերեն. ճանապարհներ դեպի գերազանցություն» ծրագիրը, որի շրջանակում Բրիտանական խորհուրդը ֆինանսական աջակցություն կցուցաբերի 16 տարեկան երեխաների անգլերենի հմտությունները, անգլերենի ուսուցիչների լսարանային պրակտիկան և վերաբերմունքը վերլուծելու, ինչպես նաև հասկանալու համար, թե երկրի լեզվական քաղաքականությունը որքանով է ազդում վերոգրյալի վրա: Բրիտանական խորհուրդը կստանձնի նաև «Ուսուցիչների վիրտուալ աշխատանքային խմբեր (vTAG)» անվանմամբ վիրտուալ ուսուցման համայնք ստեղծելու հանձնառությունը՝ աջակցելու անգլերենի ուսուցիչներին համախոհ մասնագետների հետ կապ հաստատելու, ինչպես նաև ռեսուրսների հասանելիություն և անհատականացված առցանց ուսուցման փորձ ունենալու գործընթացներին:

Հուշագրով նախատեսված հաջորդ կետը «Անգլերենի ազդեցությունը» ​​նախագիծն է, որի շրջանակում Բրիտանական խորհուրդը ֆինանսական աջակցություն կցուցաբերի Ավստրալիայի կրթության հետազոտությունների խորհրդի կողմից PISA մեթոդաբանության հիման վրա հետազոտության իրականացմանը:

«Կոդավորման հմտություններ. Կապակցենք ներկան ապագային» նախագծի շրջանակում Բրիտանական խորհուրդը «VEON Armenia»-ի ֆինանսական օժանդակության միջոցով կփորձարկի մի ծրագիր, որի նպատակն է կոդավորման հմտություններ դասավանդել երեք ավագ դպրոցների աշակերտներին և զարգացնել քննադատական ​​մտածողության, որոշումների կայացման, խնդիրների լուծման, ստեղծագործականության և համագործակցության հիմնարար հմտությունները:

Նշված գործընթացներում նախարարությունը հանձնառություն է ստանձնել աջակցել Բրիտանական խորհրդին՝ համապատասխան աշխատակիցների տրամադրման, պիլոտային ավագ դպրոցների ընտրության, ծրագրերի կայունության ապահովման և հետպիլոտային փուլի ընդլայնման և այլ ուղղություններով:

ԿԳՄՍ նախարարությունը և Բրիտանական խորհրդի միջև կնքվել է նաև մեկ այլ փոխըմբռնման հուշագիր՝ «Ստեղծագործական արդյունաբերության քաղաքականության երկխոսություն» ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ: Ըստ այդմ՝ Բրիտանական խորհուրդը կտրամադրի խորհրդատու, որը մշակութային ռազմավարություն մշակելու գործում կաջակցի ԿԳՄՍ նախարարությանը՝ հիմնվելով ՀՀ կառավարության, Բրիտանական խորհրդի և այլ գործընկերների կողմից արդեն իսկ ձեռնարկված աշխատանքների վրա: Ծրագրի արդյունքում ակնկալվում է մշակել մշակութային ռազմավարության նախագիծ՝ սահմանելով տեսլականը, հիմնական նպատակներն ու արդյունքները, ինչպես նաև արվեստի և մշակույթի ոլորտում ՀՀ կառավարության հիմնական ուղղությունները: Նախատեսվում է նաև Կառավարության գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում` ռազմավարության հիմնական ուղղություններին համապատասխանեցնելու համար, միջնաժամկետ ճգնաժամի կառավարման ծրագրի/ռազմավարության նախագծի ստեղծում՝ որպես հիմնական ռազմավարության հավելված, ինչպես նաև ժամանակակից արվեստի ոլորտում չափելի որակական արդյունքային ցուցանիշների սահմանում՝ միջազգային փորձի հիման վրա:

26 Փետրվար, 2021 15:38
162
; ;