
«Ինձ շատ դժվար է պատերազմից հետո մոտենալ այս ամբիոնին և դիմել ձեզ»,- այսպես սկսեց իր խոսքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամին:
«Ամիսներ շարունակ ես փորձել եմ վերգտնել իմ ես-ը: Փորձել եմ հասկանալ իմ թերացումները և գտնել այն ուղիները, որոնց միջոցով կարող եմ դեռևս օգտակար լինել քաղաքացիներին և իմ հայրենիքին։ Արցախն իմ ինքնության անբաժանելի մասն է: Ես ես եմ նաև Արցախի շնորհիվ: Ու հիմա ամենից շատ ցավ եմ ապրում՝ մտածելով իմ Արցախի, իմ ընկերների, իմ հայրենակիցների մասին: Վերհիշելով այն թանկ ու հոգեհարազատ վայրերը, որտեղ մենք իրապես երջանիկ ու ազատ ենք եղել, և որոնք հիմա գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո: Անկախ նրանից, թե որքան է իմ մեղքի բաժինը այսօր ստեղծված իրադրության համար, ես ցանկանում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնք անասելի ցավ ու տառապանք են տեսել, որոնք տեսել են ամենաթանկ մարդկանց,- ասաց պատգամավորը։- Ես ներողություն եմ խնդրում իմ հասակակից այն երիտասրդ կանանցից, որոնք հարկադրված են միայնակ մեծացնել իրենց երեխաներին: Ես ներողություն եմ խնդրում մեր բոլոր զոհերի ընտանիքներից, իրենց թափած արցունքների, անքուն գիշերների, կրած անդառնալի կորուստների համար: Ես ներողություն եմ խնդրում դեռևս Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցներից և նրանց ընտանիքներից այս սարսափելի փորձության համար: Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն տղաներից, որոնք հաշմանդամություն են ձեռք բերել այս պատերազմում: Ձեր սխրանքի շնորհիվ է, որ այսօր կանք մենք ու կամ ես այստեղ կանգնած»:
Պատգամավորը նշեց, որ ինքն իր տեղում պատրաստ է անել ամեն հնարավորը նրանց ցավը, վիշտը մի քիչ մեղմելու, նրանց խնդիրներին լուծում տալու համար: