
Այսօր՝ մարտի 12-ին, ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, Կոտայքի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, օպերացիայի արդյունքում Զովունի գյուղում գտնվող գազալցակայաններից մեկում ոստիկանները վնասազերծել և այդտեղից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ, 50-ամյա Արմեն Հ.-ին և 39-ամյա Էդգար Ս.-ին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս կասկածվում են փետրվարի 22-ին Երևանի կենտրոն վարչական շրջանում Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետից զենքի և նռնակի սպառնալիքի տակ 50 մլն դրամ հափշտակելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս եղել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով և բերման ենթարկվելուց հետո ոստիկանութան կենտրոնական բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանցից մեկը եղել է կատարող, մյուսը՝ օժանդակող և նրանք փեսա ու աներորդի են: Այսօր քննիչի որոշմամբ տեղափոխվել են դեպքի վայր, որտեղ էլ կատարողը մատնացույց է արել, թե ինչպես և ինչ պայմաններում է հափշտակել գումարը: Քննիչի որոշմամբ Արմեն Հ.-ն և Էդգար Ս.-ն ձերբակալվել են:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: