
Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Ա սերիայի 29-րդ տուրի շրջանակում այսօր արտագնա խաղում մրցեց «Սասուոլոյի» հետ:
Հռոմեացի ֆուտբոլիստները հանդիպման ընթացքում չնայած երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, բայց չկարողացան պահպանել այն: Արդյունքում՝ գրանցվեց գոլառատ ոչ-ոքի՝ 2:2:
«Ռոման» այս խաղից հետո վաստակեց 51 միավոր և նահանջեց 7-րդ տեղ՝ դուրս մնալով եվրոգավաթային գոտուց: Իսկ ահա նրան հետապնդող «Լացիոն» իր հարկի տակ 9 ֆուտբոլիստով 2:1 հաշվով հաղթեց «Սպեցիային», վաստակեց 52 միավոր և բարձրացավ 6-րդ եվրոգավաթային տեղ:
Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց հանդիպմանը: Ըստ վերջին տեղեկությունների, հայ ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա ապրիլի 15-ին, «Այաքսի» հետ Եվրոպայի լիգայի պատասխան հանդիպման ժամանակ: