Արցախի Հանրապետության դատախազությունը տեղեկացնում է, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ներկայացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ կառավարության թիվ 1820-Լ որոշմամբ հաստատված` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված և փաստացի բնակված քաղաքացիների աջակցման միջոցառման ծրագրի շրջանակներում կարեկցանքի և քաղաքացիներին նյութապես աջակցելու շարժառիթով Հադրութի շրջանի Տող համայնքից ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված ցուցակներում ներառվել են շահառուներին ներկայացվող պահանջները չբավարարող ընդհանուր 21 քաղաքացի, Տումի համայնքից` ընդհանուր 27 քաղաքացի, Ազոխ համայնքից` 3 քաղաքացի, Պլեթանց համայնքից` 2 քաղաքացի, Արևշատ համայնքից` 2 քաղաքացի` Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա համայնքից` 2 քաղաքացի, Ասկերանի շրջանի Մոշխմհատ համայնքից` 25 քաղաքացի և Շուշիի շրջանի Քիրսավան համայնքից` 1 քաղաքացի, որոնց հիման վրա քաղաքացիները ներառվել են ծրագրի շահառուների ցուցակում և ստացել 300.000-ական` ընդհանուր 24.900.000 դրամ գումար:

Վերը նկարագրված դեպքերի առթիվ սույն թվականի ապրիլի 1-ին ոստիկանության հիշյալ վարչությունում հարուցվել են քրեական գործեր ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, կատարվում է հետաքննություն:

06 Ապրիլ, 2021 23:40
175
; ;