AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի շրջանավարտ (բակալավր), ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի Քաղաքական ժուռնալիստիկա և PR տեխնոլոգիաներ կրթական ծրագրի մագիստրոս Լուիզա Գուտներյանն է:

Լուիզա, ինչպե՞ս որոշեցիք ընդունվել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ: Ինչպե՞ս նախապատվությունը հենց թյուրքագիտության բաժնին տվեցիք:

Իմ ընտանիքի արմատները գալիս են Արևմտյան Հայաստանից, տատիկս ու պապիկս տիրապետում են թուրքերենին։ Մանկուց լսելով տատիկիս մոր՝ գաղթից փրկվելու և ամերիկյան մանկատանը հայտնվելու պատմությունը հասկացել եմ, որ արևելագիտությունը և հատկապես թյուրքագիտությունը ճակատագրական նշանակություն ունեն մեր կյանքում։ Հետագայում, իմ շատ սիրելի դասախոսներից մեկի խորհրդով ընդունվեցի հենց թյուրքագիտության բաժին։

Լավ թյուրքագետ լինելու համար անհատը նախ և առաջ ի՞նչ հիմնարար հատկանիշների պետք է տիրապետի:

Կարծում եմ` լավ թյուրքագետ լինելու համար պետք է նախևառաջ ինքներս մեզ, մեր լեզուն, պատմությունն ու մշակույթն ուսումնասիրենք, մասնագիտական գիտելիքները ճիշտ տեղում ճիշտ պահին կիրառելու կարողություն ունենանք. անհրաժեշտ են դիվանագիտական հմտություններ, զսպվածություն:

ԵՊՀ-ում ուսանելու տարիներին ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել, որոնք որ խանգարել են Ձեր բնականոն ուսումնական գործընթացին:

ԵՊՀ-ում ուսանելու տարիներին ամենամեծ խոչընդոտը եղել է մարդկային գործոնը... ես էլ շատ փխրուն էի ու անփորձ մարդկային հարաբերությունների հարցում, սակայն չեմ զղջում և ուրախ եմ, որ դժվարությունները հաղթահարել եմ առանց իմ «ես»-ը կորցնելու, առանց կոտրվելու` դառնալով ավելի ինքնավստահ և ուժեղ:

Որքա՞ն ժամանակ է հարկավոր թուրքերենին հավուր պատշաճի տիրապետելու համար:

Թուրքերենին հավուր պատշաճի տիրապետելու համար շատ կարճ ժամանակ է հարկավոր, լեզուն կիրառելու, այդ լեզվով շփվելու հարթակի առկայության դեպքում մեկ տարին էլ բավական կլինի։

Ձեր համակուրսեցիներից քանի՞սն են այսօր հենց թյուրքագետի մասնագիտությամբ աշխատում:

Իմ համակուրսեցիներից 1-2 հոգի են որպես թյուրքագետ աշխատում։

Թյուրքագետի մասնագիտությունը Ձեզ օգնե՞լ է ՀՀ ՊԿԱ-ում ուսանելու տարիներին:

Ես կարող եմ միանշանակ ասել, որ ՀՀ ՊԿԱ ընդունելության քննությունից սկսած մինչև ավարտելու փուլը թյուրքագետի մասնագիտությունն ինձ միայն օգնել է։

Քաղաքագետի մասնագիտությունը համադրելի՞ է թյուրքագետի մասնագիտության հետ:

Այո, կարծում եմ համադրելի է: Այդ երկու մասնագիտությունների տարբերությունները հնարավորություն են տալիս մի շարք հարցերի վերաբերյալ այլընտրանքային վերլուծություն կատարել։

Այսօր, կարծես թե, ամեն երրորդը քաղաքագետ է: Ձեզ չի՞ մտահոգում այդ փաստը: Ինչպե՞ս կարող ենք պայքարել տնաբույծ քաղաքագետների դեմ և միայն որակյալ քաղաքական վերլուծություններ լսել:

Ամեն երրորդի՝ իրեն քաղաքագետ զգալու փաստն ինձ չի մտահոգում, ինձ մտահոգում են կիսագրագետ մարդիկ, որոնք լուռ համաձայնում են այդ ոչ պրոֆեսիոնալ, սեփական նեղ մտահորիզոնի արդյունքում ստեղծված վերլուծությանը։ Այդպիսիք միշտ եղել են ու կլինեն, իրենց դեմ պայքարելու միակ միջոցը լավ, մրցունակ ու որակյալ կրթությունն է

ՀՀ ՊԿԱ-ում ուսումնառության ընթացքը Ձեզ համար բա՞րդ է եղել: Հատկապես ո՞ր առարկաներից եք հիմնարար գիտելիքներ ստացել ու կառավարչական հմտություններ ձեռք բերել:

ՀՀ ՊԿԱ-ում ուսումնառության ընթացքն ինձ համար բարդ չի եղել։ Բոլոր առարկաները յուրովի ներազդեցություն են ունեցել, նոր հմտություններ տվել կամ ունեցածն ավելի ամրապնդել:

Եթե նման հնարավորություն ունենայիք, ի՞նչ առանցքային փոփոխություններ կկատարեիք բարձրագույն կրթության համակարգում:

Բարձրագույն կրթության համակարգում առաջին հերթին կվերանայեի 4 տարվա համար նախատեսված ծրագրերը, հարկ եղած դեպքում մի շարք երկրորդական առարկաներ կկրճատեի և այդ ժամանակն էլ կտրամադրեի մասնագիտական առարկաներին։

Օլյա Շահինյան

12175