30 տարի առաջ` 1990թ. օգոստոսի 23-ին արտաքին եւ ներքին աննախադեպ բարդ պայմաններում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին. այն դարձավ մեր բոլոր սահմանադրությունների անփոփոխելի հիմքը: Սակայն, ուշագրավն այն է, որ թեմայի շուրջ սրտաճմլիկ գրառումներով ու բոցաշունչ ելույթերով հանդես եկան գործիչներ, ովքեր հենց առաջինն են խոչընդոտել հռչակագրի հեղինակների քաղաքական գործունեության ծավալմանը: Նրանցից շատերն անգամ չեն էլ հոգացել, որ հռչակագրի ընդունման նախապատմությունը հավուր պատշաճի ներկայացվի դպրոցական դասագրքերում. ոչ մի խոսք . «1990 թ. օգոստոսին 23-ին ԳԽ-ն քննարկումից հետո ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» փաստաթուղթը, որով հռչակվում էր անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»: 12-րդ դասարանի պատմության դասագրքում նշված չեն հռչակագրի հեղինակների անունները: Այս տարիներին մենք էլ հո տեսել ենք, թե ինչպես են սևացվել ՀՀՇ-ականներն ու սուր քննադատության ենթարկել նրանց գործունեությունը: Հիմա անկախության հռչակագիրը նման անձանց համար հանրության աչքին թոզ փչելու, ևս մեկ անգամ ինքնագովազդվելու, հայրենասերի ու պետականապաշտի դիմակ կրելու առիթ է հանդիսացել:

Իսկ ով կպատկերացներ, որ Խորհրդային արմատական քարոզչամեքենայի առկայության և համացանցի բացակայության պայմաններում մեր հայրենքի նման փոքր երկրին կհաջողվեր անկախություն ձեռք բերել (ի դեպ նախկին խորհրդային երկրներից Հայաստանն առաջինն անկախացավ)։

Այսօր անկախության հռչակագրի ընթերցման տեսանյութն անգամ պետական արխիվում չի պահպանվել: Ուրեմն, այդպե ՞ս է կարևորվում պատմական բեկումնային իրադարձությունը: Թե ում էր պետք տեսանյութի անհետացումը` կփորձենք հետագայում պարզել:

Նման գործիչներին, թերևս, չէր խանգարի վերհիշել անցյալը և դրանից որոշակի դասեր քաղել: Ավելի հեռատեսներն էլ որոշեցին օգտվել օրվա խորհրդից ու անձնական PR-ով զբաղվել: Ակտիվ ստատուսագիրներին կարելի է ընդամենը խորհուրդ տալ հետևել հայտնի չինական առածին` երբեք մի մոռացիր անցյալդ, այն ապագայի ուսուցիչն է:

24 Օգոստոս, 2020 14:24
369
; ;