Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ընդլայնված կազմով հանդիպում ունեցավ ռուս գործընկերների հետ՝ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ:
 
Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Պետական դումայի նախագահն ընդգծեց, որ երկու երկրների հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ հիմնված երկխոսության եւ ռազմավարական գործընկերության վրա: Նա հավելեց, որ ռուսական կողմը բարձր է գնահատում եւ կարեւորում է հայ-ռուսական հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ համավարակի հաղթահարմանը զուգահեռ շփումերը տարբեր մակարդակներում առավել կակտիվանան:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով Մոսկվա պաշտոնական այցի հրավերի համար, իր հերթին երկրորդեց, որ հայ-ռուսական փոխգործակցությունը դինամիկ կերպով զարգանում է:
 
Հայաստանի խորհրդարանի խոսնակը ռուս գործընկերներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը, հիշեցրեց, որ մինչ օրս Ադրբեջանն ամբողջությամբ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձին առնչվող դրույթը: Անդրադարձ կատարելով Ադրբեջանի զինուժի՝ ՀՀ տարածք ներխուժելուն՝ ընդգծվեց Հայաստանի Հանրապետության եւ ըստ այդմ՝ ՀԱՊԿ պատասխանատվության տարածքի նկատմամբ որեւէ ոտնձգության անթույլատրելիությունը:

1053