Գիտնականները պարզել են, որ ձկան յուղում հայտնաբերված ճարպաթթուները կարող են լինել պարզ և անվտանգ սննդային հավելանյութ, որը մեծացնում է հակաբիոտիկների արդյունավետությունը ամենաուժեղ բակտերիալ վարակների դեմ: Հետազոտության արդյունքները հրապարակված են mBio ամսագրում:

Վերջին տարիներին գերմանրէները դարձել են բժշկության լուրջ խնդիրը: Այս դասը ներառում է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն զարգացրած միկրոօրգանիզմները: Հակամանրէային դեղամիջոցներին դիմակայելու բակտերիաների կարողությունը, բնականաբար, առաջանում է գենետիկ մուտացիաների պատճառով, սակայն բնական ընտրությանը նպաստում է նոր տեսակի հակաբիոտիկների արագ ներդրումը:

Արդյունքում, ամբողջ աշխարհի կենսաբաններն արձանագրում են նոր մանրէների առաջացում`անտիբիոտիկների նկատմամբ կայունության աննախադեպ մակարդակներով: Նման գերբակտերիաներից է Acinetobacter baumannii- ն է, որն առաջացնում է բազմաթիվ ներհիվանդանոցային վարակներ՝ մենինգիտ, թոքաբորբ, վերքերի ինֆեկցիաներ, արյան շրջանառության հետ կապված և ուրոլոգիական վարակներ:

Ավստրալիայի կենսաբանները Ֆլինդերսի համալսարանի միկրոկենսաբան բժիշկ Բարտ Էյկելկամպի գլխավորությամբ առաջին անգամ հայտնաբերել են ձկան յուղի՝ գերմանրէներ ոչնչացնելու կարողությունը:

«Փորձերի և գերհամակարգչային մոդելավորման միջոցով մենք պարզեցինք, որ ձկան յուղի մեջ պարունակվող ճարպաթթուները մանրէներն ավելի ընկալունակ են դարձնում տարբեր տարածված հակաբիոտիկների նկատմամբ», – նշում է Էյկելկամպը:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ճարպաթթուները, որոնք մանրէները օգտագործում են սննդի համար, ներթափանցում են մանրէների թաղանթի մեջ և դրանք ավելի ընկալունակ են դառնում հակաբիոտիկների համար:

Հեղինակները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը կնպաստի վտանգավոր ներհիվանդանոցային վարակների բուժման նոր մոտեցման մշակմանը, որը հիմնված է հակաբիոտիկների և օմեգա -3 պոլիչհագեցած ճարպաթթուներով հավելումների համատեղ օգտագործման վրա:

1134