Իջևան քաղաքի և հարակից գյուղերի բնակչությանը շտապօգնության ծառայություն մատուցում է «Իջևան» ԲԿ-ի կազմում գործող շտապօգնության բրիգադը, որը տևական ժամանակ է կանչերին ներկայանում է առանց բժշկի. գործում է երկուսը մեկում սկզբունքը` բուժքույրը նաեւ բժիշկ է (ներկայանում է միայն բուժքույր):

Խնդրի պարզաբանման համար Araratnews.am-ը կապ հաստատեց պատկան կառույցների հետ: Ինչպես տեղեկացրեցին Տավուշի մարզպետարանից` «Իջևան» ԲԿ-ում գործում է շտապօգնության երկու տեսակի բրիգադ՝ ֆելդշերական և բժշկական. ըստ կանչի նկարագրության որոշվում է, թե որ բրիգադը պետք է ներկայանա: «Իջևան» ԲԿ-ից էլ հայտնեցին, որ իրենց մոտ կա շտապօգնության միայն ֆելդշերական բրիգադ, դա հաստատեց նաեւ տնօրեն Էդուարդ Գրիգորյանը։ Քանի որ շտապօգնության բրիգադում պետք է լինեն պարտադիր թե բժիշկ, թե բուժքույր, մենք հարցրեցինք տնօրենին` ինչու է շտապօգնությունը ներկայանում առանց բժշկի։

Ի պատասխան մեր հարցի` Էդուարդ Գրիգորյանն ասաց, որ նախկինում այդ բրիգադի կազմում ներկայացել է որևէ բաժանմունքի հերթապահ բժիշկ, սակայն այդ դեպքում էլ տուժում է բաժանմունքը, այդ պատճառով իրենք հրաժարվել են այդ պրակտիկայից: Նա նաև հավելեց, որ կադրեր ունենալու պարագայում իրենք պատրաստ են շտապօգնությունը համալրել բժշկով:

Ամեն դեպքում խնդիրը մնում է բաց: Արդյունքում տուժում է քաղաքացին, որովհետև բուժքույրը  բժիշկ չէ։ Նա միայն կատարում է բժշկի ցուցումները։ Ստացվում է` վտանգվում է քաղաքացու առողջությունը, կյանքը: Դատելով ստացված իրարամերժ պատասխաններից, երևում է , որ բժշկական կենտրոնի ու վերադասի՝ տվյալ դեպքում մարզպետարանի, պատասխաններում կա հակասություն և միմյանցից անտեղյակություն:

Արամ Սիմոնյան

5516