
Araratnews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:
AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ (բակալավր), ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի մագիստրոս, նույն ամբիոնի ասպիրանտ Նարեկ Կամենդատյանն է։
Նարեկ, հասարակության մեջ տարածված մի կարծրատիպ կա, որ պատմությունը հաղթողներն են գրում: Համաձա՞յն եք:
Կարծում եմ, որ դա ոչ թե կարծրատիպ է, այլ իրականություն, որովհետև պատմությունը հաղթողներն են գրում, այդ իսկ պատճառով պատմության էջերին դժվար է հանդիպել պարտվողների անունների: Սսկայն չմոռանաք, որ անցյալի պատմությանը մեզ հաղորդակից դարձնելու գործում մեծ ազդեցություն ունեն նաև պատմաբանները: Մի առիթով լրագրողներից մեկի հարցին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը հետևյալ կերպ է պատասխանել. նրան հարցրել էին՝ ըստ Ձեզ, պատմության ընթացքն, ավելի շատ, Կեսարը փոխեց, թե՞ Նապոլեոնը: Չերչիլը պատասխանում է՝ պատմաբանները և, որ կարծում է՝ պատմությունն իր հանդեպ պետք է բարեհաճ գտնվի, որ ինքն անձամբ էր ցանկանում գրել այն:
Այդ իսկ պատճառով, այո, համաձայն եմ՝ պատմությունն իրոք հաղթողների մասին է, պատմությունը հաղթողներն են գրում:
Ինչպե՞ս ընտրեցիք պատմաբանի մասնագիտությունը: Մեր օրերում հնարավո՞ր է անաչառ ու անկողմնակալ պատմաբան լինել՝ հիմնվելով միայն գործող և իրական փաստերի վրա:
Պատմություն առարկայի հանդեպ հետաքրքրությունս ձևավորվել է դեռևս դպրոցական տարիներին, երբ հետաքրքրվում էի հատկապես պատմություն և աշխարհագրություն առարկաներով, իսկ Երևանի պետական համալսարանում ուսանելու տարիներին հետաքրքրությունների շրջանակն ավելի ընդլայնվեց և խորացավ: Ինչ վերաբերվում է մեր օրերում կամ առհասարակ անաչառ պատմաբան լինելուն, կամ պետք է լինել այդպիսին, թե ոչ. որպես պատմաբան, կարծում եմ, որ պետք է, բայց որպես քաղաքագետ կարծում եմ, որ ամեն ինչ չէ, որ պետք է ներկայացնել այնպես, ինչպես կա. Որովհետև հասարակությունը միֆերի կարիք ունի: Միֆերի միջոցով է հասարակությունը կառավարվում, զարգանում: Ստենդալն իր «Նապոլեոն» գրքում այսպիսի մի հետաքրքիր մեջբերում ունի՝ նա գրում է. «Եթե ուզում եք իմանալ Ֆրանսիայում ամեննազազրելի ու վարկաբեկված դեմքերի անունները, ապա դրանք պետք է փնտրեք պատվո լեգեոնի շքանշանակիրների շարքում»: Բայց եկեք չմոռանանք, որ այդ ցանկում ընդգրկված անձանց շուրջ է ստեղծվում ազգի պատմությունը, միֆերը: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ պատմաբանը պարտավոր է իմանալ, ուսումնասիրել, վերլուծել փաստերը, բայց արդյոք պե՞տք է դրանք ներկայացնի այնպես, ինչպես կան: Ես չեմ ասում, որ պետք է սուտ գրել, բայց ստելն ու ճիշտը չգրելը տարբեր բաներ են:
Պատմության բաժնում ուսանելիս, հատկապես ո՞ր շրջանի պատմությունն եք ավելի հետաքրքությամբ ուսումնասիրել: Ձեր կարծիքով, ո՞ր շրջանի պատմությունը հատկապես պետք է հավուր պատշաճի իմանա ապագա քաղաքագետը:
Ինչպես դպրոցում, այնպես էլ Պատմության ֆակուլտետում ուսանելու ժամանակաշրջանում միշտ հետաքրքրված եմ եղել Հին Հունաստանի և Հռոմի պատմությամբ՝ հատկապես Հռոմեական կայսրության անկման ժամանակաշրջանի իրադարձություններով: Առ այսօր էլ այս թեմայով կարդում եմ, հատքրքրվում եմ, փորձում եմ ներկայիս իրականության մեջ զուգահեռներ տանել: Ինչ վերաբերվում է նրան, թե քաղաքագետը հատկապես որ շրջանի պատմությունը պետք է լավ իմանա, կարծում եմ, որ առանձնապես ինչ-որ ժամանակաշրջան գոյություն չունի. բոլոր ժամանակաշրջաններով պետք է հետաքրքրվել, ուսումնասիրել: Ինձ, օրինակ, հայոց պատմության մեջ ավելի շատ հետաքրքրում է Արտաշեսյան դինաստիայի ժամանակաշրջանը՝ հատկապես Արտաշես Առաջինի իրականացրած ռեֆորմները: Բոլորս, իհարկե, պարծենում ենք Տիգրան Մեծի սխրագործություններով, բայց կարծում եմ, որ դրանք հետևանք էին Արտաշես Առաջինի իրականացրած գրագետ պետականաշինական քաղաքականության:
Պատմաբանի որակավորում ունեցող անհատը ո՞ր հաստատություններում կարող է աշխատել:
Կարծում եմ, որ ացնում են ժամանակները, երբ մարդը ձեռք էր բերում ինչ-որ մասնագիտություն, ապա հետագայում՝ ողջ կյանքի ընթացքում կարողանում էր այդ մասնագիտությամբ ապրել, ապահովել իրեն և իր ընտանիքը: Այժմ նեղ մասնագիտացումը, որպես այդպիսին, էլ կարևոր չէ: Կարևորը, ինչպես Արևմուտքում է ընդունված անվանել տերմինը՝ «Soft skills»-ն է, այսինքն՝ հմտություններն են կարևոր. հաղորդակցման հմտությունը, կրեատիվությունը: Տեսեք՝ այսօր բոլորը ցանկանում են IT ոլորտում կրթություն ստանալ: Կարծում եմ, որ դա այնպիսի մոլորություն է մեզանում, ինչպիսին էր օրինակ 5-6 տարի առաջ տնտեագետ, իրավաբան դառնալը: Բոլորս ցանկանում էինք կամ իրավաբան լինել, կամ տնտեսագետ, բայց այսօր մի շարք մասնագետներ պնդում են, որ մոտ ապագայում ծրագրավորողի մասնագիտությունն ակտուալ չի լինելու: Արևմուտքում, օրինակ, հումանիտար գիտություններն ավելի կարևոր են: Արևմտյան «ուղեղային կենտրոններում» այսօր, որպես կանոն, աշխատում են հումանիտար կրթություն ստացած անձինք և վարձատրվում են ամենաբարձրը, բայց, ցավոք, մեզ մոտ դեռևս այդպես չէ:
Կառանձնացնե՞ք այն պատմաբանների ու քաղաքագետների գործերը, որոնք խորը ազդեցություն են ունեցել Ձեր աշխարհայացքի ձևավորման հարցում:
Աշխարհայացքիս ձևավորևման վրա, որպես պատմաբանի և քաղաքագետի, ազդեցություն ունեցող հեղիանակների ցանկը շատ մեծ է. Հերոդոտոս, Առնոլդ Թոյնբի, քաղաքագիտության բնագավառում դասականներ՝ Պլատոն, Արիստոտել, Թոմաս Հոբս, Ջոն Լոք, Շառլ Լուի Մոնտեսքյա: Կարիելի է Նիկոլո Մաքիավելու մոտեցումներն ուսումնասիրել: Ընդհանրապես, մեր այս հարափոփոխ ժամանակներում կարծում եմ, որ միակ կայուն բանը փոփոխություններն են: Պետք է լինել գիտելիքով զինված, որպեսզի կարողանանք դիմակայել փոփոխություններին, կարողանանք գլոբալացվող աշխարհում միշտ մրցունակ լինենք
Կասեք, թե պետական ո՞ր գերատեսչություններում եք անցել կառավարչական, ապա գիտահետազոտական պրակտիկան: Գործնական պարապունքները աշխատանք գտնելու հարցում օգնե՞լ են Ձեզ:
Ուսանողական տարիներին պրակտիկաս անցել եմ Ազգային ժողովում և Կառավարությունում: Ընդհանրապես, ուսանողական տարիներս շատ հագեցած ու հետաքրքիր են անցել: Ընկերներ եմ ձեռք բերել ոչ միայն ուսանողական միջավայրից, այլ նաև դասախոսական: Քաղաքագետի մասնագիտությունն ընտրելու հարցում մեծ ազդեցություն է ունեցել իմ հրաշալի դասախոս Հովսեփ Մովսիսյանը: Պետք է անկեղծ լինեմ, որ հետագայում քաղաքագիտություն ուսանելու տարիներին սկսեցի ավելի արժևորել իմ առաջին մասնագիտության՝ պատմության դերը:
Աշխատանք գտնելու հարցում նույնպես, այսպես կարելի է ասել, ճակատագրական ազդեցություն ունեցավ պրակտիկան, որովհետև աշխատանքի առաջարկ ստացել եմ պրակտիկայի ընթացքում իմ ձեռք բերած ընկերներից մեկի կողմից: Այսինքն, պրակտիկան ինձ օգնեց աշխատանք գտնելու հարցում:
Ո՞ր թեմայով եք գրել Ձեր մագիստրոսական թեզը և ի՞նչ հիմնական եզրահանգումների եք եկել:
Ճիշտն ասած, ավարտական աշխատանքի՝ թեզի թեմայի շուրջ շատ երկար մտորեցի և որոշեցի գրել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության փոխլրացման արժեքային չափումների թեմայով: Այսինքն ՀՀ արտաքին քաղաքականության մեջ փորձեցի կարևորել «և՛…և՛»-ը: Գիտեք, ընդհանրապես, մենք ունենք ազգային առանձնահատկություն. և ծայրահեղությունների ազգ ենք: Դերենիկ Դեմիրճյանն իր «Հայ» աշխատության մեջ մի հետաքրքիր մոտեցում ունի, ասում է՝«հայի չափը չափազանցն է»: Մենք նաև արտաքին քաղաքականության մեջ ենք չափազանցությունների, «կա՛մ… կա՛մ»-ի ընտրության առջև մեր պատմության ընթացքում միշտ կանգնել: Երբեմն մեզ հաջողվել է ճիշտ ընտրություն կատարել, երբեմն ոչ: Ես կարևորել եմ «և՛…և՛»-ի քաղաքականությունը, ուսումնասիրել հայոց պատմության մեջ դրա կարևորությունը, անհրաժեշտությունը և կարծում եմ, որ դա բոլոր ժամանակներում ակտուալ թեմա է:
ՀՀ ՊԿԱ-ում ո՞ր առարկաների շրջանակներում եղած դասախոսություններն են Ձեզ «օգնության ձեռք մեկնում» աշխատանքային գործունեության ընթացքում:
Անկեղծ ասած, Կառավարման ակադեմիայում ստացած գիտելիքներս մեծ դեր են խաղացել իմ հաջողությունների հարցում: Հատկապես կարևորում եմ դիվանագիտական էթիկային, հռետորական արվեստին, հաղորդակցման հմտություններին միտված դասախոսությունները: Դրանք հետագայում շատ պետք եկան և առ այսօր էլ այդ ուղղությամբ աշխատում եմ, փորձում եմ հմտանալ, զարգանալ: Կառավարման ակադեմիան հետաքրքիր կրթական միջավայր է, որտեղ, էլի եմ շեշտում, ոչ միայն ուսանողկան միջավայրից կարելի է տարբերվող ընկերներ ձեռք բերել, այլ նաև դասախոսական:
Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք ապագա պատմաբան-քաղաքագետներին:
Գիտեք՝այսօր աշխարհն այնքան է փոխվում, որ միգուցե, այսօր իմ տված խորհուրդները երկու տարի հետո էլ կարող են ակտուալ չլինել:
Ամենակարևորը՝ խորհուրդ կտամ լինել հետաքրքրասեր, կարդալ, զարգանալ և երբեք չվախենալ փորձելուց և սխալվելուց: Իմ սիրած ֆիլմերից մեկում՝ «Թռիչք կկվի բնի վրայով», այսպիսի մի հետաքրքիր տեսարան կա, երբ գլխավոր դերասանը փորձում է ֆիզիկական ուժի շնորհիվ մի բան անել, որից բոլորը խուսափում էին: Եվ արդյունքում արժանանալով մյուների ծաղրին՝ գիտե՞ք, թե նա ինչ է պատասխանում. «Ես գոնե փորձեցի»: Ես կասեմ իմ կյանքի սկզբունքը՝ չպետք է վախենալ փորձել, չպետք է վախենալ սխալվելուց: Սա կարող եմ խորհուրդ տալ:
Օլյա Շահինյան