
Թուրքիայի և Իրանի սահմանին նոր պատ կկառուցվի, Վանի նահանգապետի խոսքով՝ «միգրացիոն ճնշման» պատճառով։ Այս մասին գրում է «Ահվալ» գործակալությունը։
Վանի նահանգապետ Մեհմեթ Էմիլ Բիլմեզը հայտարարել է, որ ակնկալում է մինչև տարեվերջ Իրանի հետ սահմանին 64 կմ պատի կառուցում, և որ նաև նախապատրաստական աշխատանքներ են տարվում 63 կմ այլ պատի կառուցման ուղղությամբ։ Նահանգապետը հավելել է, որ պատին կից 160 կմ-ոց խրամատ կկառուցվի։
Բիլմեզը նշել է, որ պատն ունենալու է ավելի շատ ռազմական բնույթ։ Ըստ նրա՝ պատին կանցկացվեն մետաղալարեր, 58 դիտարկման ու 45 հաղորդակցման աշտարակներ, որոնք հագեցած կլինեն ջերմային տեսախցիկներով, ռադարներով, սենսորներով և հրդեհի կառավարման համակարգերով:
Թուրքիայի սահմանն Իրանի հետ ունի 534 կիլոմետր երկարություն և այն, կարծես, անցակետ է եղել պատերազմից ավերված Աֆղանստանից բազմաթիվ միգրանտների համար, որոնք փախչում են Թուրքիա։
Նշվում է, որ միայն 2020 թվականին, տարբեր գնահատկաններով, մինչև 500․000 աֆղան միգրանտներ անօրինական կերպով մուտք են գործել Թուրքիա։
Factor.am