
Հայաստանում նորից ակտիվացել է Արևմուտք թե Ռուսաստան՝ կեղծ օրակարգը, որն առաջ են քաշում քաղաքական որոշակի ուժեր՝ այս կամ այն կերպ կապ ունենալով, ինչպես նաև հովանավորվելով դրսից:
Հատկապես այս օրերին, երբ Ադրբեջանը ակտիվացել է սահմանին, քաղաքական և հասարակական շրջանակներ կոչ են անում փոխել քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք` նշմարելով Ֆրանսիան, ինչին հատկապես նպաստում է ՀԱՊԿ-ի պասիվ դերակատարումը:
Հնչեցվում էին այնպիսի անտրամաբանական հայտարարություններ, թե իբր Ֆրանսիան պատրաստ է զորք մտցնել Հայաստան և Արցախ, սակայն նմանատիպ միֆերը ցնդեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հարցազրույցից հետո, երբ դեսպանը շեշտեց, որ նման բան Ֆրանսիայում կքննեն միայն, երբ նման հայտ ստանան հայկական իշխանությունների կողմից: Սակայն այս ամենին հավելելով` նա հիշեցրել է այն մասին, որ Հայաստանն ու Ֆրանսիան միևնույն ալյանսի անդամներ չեն, իսկ նրանց դերակատարումը նոր հակամարտություններից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելը, ինչը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում:
Խոսքերից հստակ երևում է, որ Ֆրանսիան չի պատրաստվում հակամարտության որևէ կողմին տրամադրել օգնություն, այն էլ ռազմական` դուրս գալով ԵԱՀԿ Մինսկի խմբի իր չեզոք դիրքից: Սա կնշանակի նրա համար կորցնել դիրքը Մինսկի խմբում, որին փորձում էր հասնել Արդբեջանը: Փարիզի համար Մինսկի խումբը այնքանով է կարևոր, որ այն եզակի հարթակ է, որտեղ համագործակցում են Ռուսաստանը և ԱՄՆ-ը:
Լաքոթը նաև չի մոռանում հիշեցնել այն փաստը, որ Հայաստանն ու Ֆրանսիան այլ ալյանսներ են: Ի՞նչ է սա նշանակում։ Հայաստանը պետք է դո՞ւրս գա ՀԱՊԿ-ի կազմից և միանա ՆԱՏՕ-ին, որպեսզի ակնկալի Ֆրանսիայից ռազմական օգնություն: Սա մեղմ ասած՝ ծիծաղելի է, թեկուզ և աչքի առաջ ունենալով Ուկրաինայի և Վրաստանի օրինակները, որոնք, «արևմտամետությամբ» տարված, լքեցին Ռուսաստանին՝ հայտնվելով ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի դռների շեմին և, ամենայն հավանականությամբ, մոտակա տասը տարում հենց այնտեղ էլ կմնան։
Հավատալ, թե Ֆրանսիան անշահախնդիր փորձում է Հայաստանին օգնել, միամտություն է։ Պետք չէ մոռանալ Ֆրանսիա-Թուրքիա լարված հարաբերությունները, որի արդյունքում հաճախ Հայաստանը գործիք է դառնում Ֆրանսիայի ձեռքում: Իհարկե, Հայաստանը պետք է ամեն կերպ օգտվի այդ փաստից, սակայն ակնկալել ավելին՝ կորցնելով դաշնակցին, ոչինչ չի տա Հայաստանին։
Հաճախ են մեղադրում Ռուսաստանին Ադրբեջանին զենք վաճառելու մեջ, սակայն նույն Ֆրանսիայի խոշոր գործընկերը Հարավային Կովկասում Ադրբեջանն է՝ թե՛ նավթարդյունաբերության ոլորտում, թե՛ այլ ոլորտներում։
Իհարկե, այս ամենով պամանավորված՝ չի կարելի կասկածի տակ դնել Ֆրանսիա-Հայաստան եղբայրական հարաբերությունները, սակայն պետք է իրատես լինել և սին ակնկալիքներ չունենալ։