Հարավային Կարոլինայի Օկոնի շրջանի բնակիչ Հարրի Չեյզ Քոբլ կրտսերը ձերբակալվել է ձի գողանալու համար. կենդանուն նա փորձել է թաքցնել իր ննջասենյակում: Այս մասին հայտնում է Unilad կայքը:
Նշվում է, որ օգոստոսի 9 -ին հարևանները տեսել են փողոցում ձի նստած մի տղամարդու: Նրանք կասկածել են, որ Հարրին գողացել է կենդանուն և այդ մասին հայտնել են ոստիկանությանը:
Իրավապահները կապ են հաստատել տղամարդու հոր հետ, վերջինս ասել է, որ որդին օրվա այդ ժամին տանը չէ:
Քոբլի հայրը, այնուամենայնիվ, դուռը բացել է ոստիկանների առջև: Հյուրասենյակի մուտքի մոտ հատակին գոմաղբ է եղել, իսկ ձին հայտնաբերվել է ննջասենյակում:
Կայքի փոխանցմամբ՝ Ջուբիլի անունով ձին իրեն հանգիստ է պահել և միջադեպի հետևանքով չի տուժել: Կենդանու արժեքը մոտ 6,5 հազար դոլար է:
Քոբլին մեղադրանք է առաջադրվել անասուն գողանալու համար: Նախկինում տղամարդը հետախուզվում էր այլ հանցագործությունների կասկածանքով, այդ թվում՝ գողություն կատարելու և մասնավոր տարածք մուտք գործելու: