Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և Վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:
Հրաչ Այվազյանին ներկայացնում է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

Ի պատասխան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի դիտարկման, թե Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ-ն դարձրել է գրպանային կառույց, Գագիկ Ջհանգիրյանը, նշելով, որ ինքը չէր ցանկանա քաղաքական գնահատական հնչեցնել, պատասխանեց. «Բայց դուք կոնկրետ մեղադրանք եք իմ հասցեին հնչեցնում, և ես պարտավոր եմ պատասխանել: Նախ՝ ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է, և նախագահը որևէ առանձին լիազորությամբ օժտված չէ: Ես դժվարանում եմ պատկերացնել, թե Խորհրդի մեկ անդամը ինչպես է այդ ճնշումներն իրականացնում»:

Գագիկ Ջհանգիրյանն ընդգծեց, որ ինքն ու իր ընկերները 2-րդ և 3-րդ նախագահների օրոք 1 տարի 3 ամիս հանիրավի անցկացրել են բանտում. «Ես արդարացվել եմ 12 տարի անց: Եվ ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է ճնշեմ դատավորներին, որ ՀՀ-ն ապագայում ևս ունենա հանիրավի դատապարտված մարդիկ»:

«Դատավորին առաջին օրը մակագրել են 954 քաղաքացիական գործ. բա այդ դատավորը ո՞ւմ առջև խնդիրը բարձրացնի. բերի Ազգային ժողո՞վ, խնդրեմ, լուծեք»,- արձագանքեց Գագիկ Ջհանգիրյանը:

civic.am

1042