Վերջին շրջանում կտրուկ սրվել էր իրավիճակը Կոսովոյի և Սերբիայի սահմանին, որն անգամ կարող էր դառնալ բախումների պատճառ, եթե չմիջամտեին միջազգային ուժերը։

Խնդիրը առաջացել էր այն բանից հետո, երբ Կոսովոյի կառավարությունը հրաման էր տվել սերբական համարներով մեքենաներ չթողնել երկիր: Սերբիան Կոսովոյի պետհամարանիշով ավտոմեքենաների սեփականատերերից 2011 թվից տուրք է պահանջում: Սրա արդյունքում Կոսովոյի հյուսիսում բնակվող էթնիկ սերբերը բողոքի ակցիա էին սկսել՝ փակելով Բնջակի և Յարինայի անցակետերի մուտքերը: Դրանից հետո Կոսովոն հատուկջոկատայիններ ուղարկեց կետեր, ինչի արդյունքում սերբական ավիացիան սկսեց թռչել շրջակա տարածքներով:

Կոսովոյի իշխանությունները հայտարարեցին, որ անհայտ անձինք հրկիզել են սահմանի մոտ գտնվող՝ ներքին գործերի նախարարության երկու գրասենյակ, շեշտելով, որ այս դրվագները «ցույց են տալիս, թե ինչ կլիներ սահմանային կետերում, եթե այնտեղ հերթապահ հատուկ նշանակության ուժեր չլինեին:  Իր հերթին, Կոսովոյի ոստիկանությունը ծեծի է ենթարկել երեք սերբերի, ինչից հետո սերբական զորքերը լիարժեք պատրաստվածության են բերվել։

Երկու կողմի փոխադարձ մեղադրանքները կարող էին վերաճել զինված բախման, եթե ՆԱՏՕ-ն չմիջամտեր, սակայն այս կառույցի առջև պահանջներ դրեց Սերբիան՝ շեշտելով, որ եթե ՆԱՏՕ-ն չմիջամտի, ապա Սերբիան կդիմի ծայրահեղ միջոցների և ուժով կպատասխանի Կոսովոյի քայլերին, որից հետո սահման են ժամանել Կոսովոյում ՆԱՏՕ-ի հովանավորությամբ միջազգային առաքելության ուժերը։ Թե ինչքան կմնան զորքերն այստեղ և ինչքանով իրավիճակը կհարթվի, դեռ հարց է։

Վերջին արյունալի բախումները Կոսովոյի և Սերբիայի միջև տեղի են ունեցել 1999 թ, որից հետո այս խնդիրը տեղափոխվեց բանակցային դաշտ, որի արդյունքում  2008-ի փետրվարին Կոսովոն հռչակեց անկախություն, որն արդեն հաջորդ մի քանի օրվա ընթացքում ճանաչեցին Աֆղանստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Թայվանը և մի շարք այլ երկրներ։ Չնայած նրան, որ Սերբիան չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, սակայն նրանց միջև որևէ բախում տեղի չի ունեցել։

Վերջին իրադարձությունները, սակայն, խոսում են այն մասին, թե ինչքան փխրուն է խաղաղությունը և ինչպես փոքրիկ միջադեպը կարող է դառնալ հավանական բախման պատճառ։ Առաջին հայացքից կարգավորվող թվացող հարաբերությունները այդքան էլ իրականությանը մոտ չեն՝ հաշվի առնելով նաև Կոսովոյի վերաբերյալ Եվրահանձնաժողովի վերջին զեկույցների տվյալները։

Մկրտչյան Ջուլիետա

 

 

12625