«Այն իսկական ավանդույթները, որոնք որ պետք է զարգանային, չեն զարգանում: Այսպես ասած, մեր «ավանդականությունը» թրիքի հոտից այն կողմ չի անցել, դրա համար այն շատ շուտով կքանդվի. ես մեր մասին եմ ասում»,- AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայտնի դերասան, հաղորդավար Սերգեյ Դանիելյանը՝ արձագանքելով «Օսկարի»՝ ավանդական հանդիսատեսին կորցնելու հավանականության վերաբերյալ հարցին:

 

Պարոն Դանիելյան, Ձեր կարծիքով՝ «Օսկարի» նոր չափանիշներն ի՞նչ ազդեցություն կունենան հայտնի կինոգործիչներիր հետագա գործունեության վրա:

Յուրաքանչյուր սահմանափակում, բնականաբար, չի նպաստում մարդկանց ստեղծագործական մտքի թռիչքին, որովհետև մարդ պետք է նկարի այն, ինչ ինքն ուզում է: Կարող է՝ ինքն այլ կերպ է ուզում նկարել, այ, քեզ բան: Ստեղծագործողին ինչ-որ սահմանափակումների մեջ դնելը շատ վատ է:

Ընտրված նոր չափանիշները ագիտացիոն կամ արժեհամակարգային փոփոխությունների միտում ունե՞ն:

Ինձ թվում է՝ այո: Ինչի մասին, որ խոսվում է, միշտ էլ եղել է, բայց դա չի դրվել ինչ-որ լայն քննարկման: Երբեք չի եղել, որ «դա այսպես պետք է լինի, սա՝ այնպես»: Դա ինքնաբուխ ղեկավարվող գործընթաց պետք է լիներ: Իսկ հիմա ոնց որ հատուկ ռամկեքի (շրջանակաների- հեղ.) մեջ են դնում, որ այսօրվանից այսպես ենք ապրելու ու վերջ: Կինոռեժիսորների կողմից երևի ինչ-որ ընդվզումներ կլինեն: Չնայած, դա մեզ ի՞նչ. մենք ուր, «Օսկարն» ուր:

«Օսկարի» մրցանակաբաշխությունը հեռարձակվում է ուղիղ եթերով, ամբողջ աշխարհի տասնյակ երկրներում: Ի՞նչ եք կարծում. նոր փոփոխությունների հետևանքով «Օսկարը» կկորցնի՞ իր ավանդական հանդիսատեսին:

Չեմ կարող ասել, կապրենք՝ կտեսնենք: Նույն բանն է. ասենք, ոնց որ «Եվրատեսիլին» սովորեցինք, նույն կերպ էլ «Օսկարին» կսովորենք: Ու այդտեղ «ավանդապաշտություն» ասվածն ամեն կերպ քանդվում է, մանավանդ որ մեր ավանդույթների մեծ մասը կեղծ են: Այն իսկական ավանդույթները, որոնք որ պետք է զարգանային, չեն զարգանում: Այսպես ասած, մեր «ավանդականությունը» թրիքի հոտից այն կողմ չի անցել, դրա համար դա շատ շուտով կքանդվի. ես մեր մասին եմ ասում: Մենք, այսօրվա դրությամբ, ավանդույթների շատ թույլ հիմք ունենք, թյուր կարծիք ունենք մեր ավանդույթների մասին: Դրա համար շատ հեշտ ընդունում ենք ուրիշներինը:

Պարոն Դանիելյան, շատ ռեժիսորների, դերասան-դերասանուհիների համար «Օսկարը» հանդիսանում է «Հաջողությունների Էվերեստը». ի՞նչ եք կարծում, ստեղծված պայմաններում կլինե՞ն ռեժիսորներ, արտիստներ, որոնք կհրաժարվեն պայքարել լեգենդար «Օսկարի» համար և դեռ ավելին՝ կբոյկոտեն նոր չափանիշների դեմ:

Չեմ կարող ասել: Երբեք չեմ հասկացել այն արվեստագետներին, ում համար ինչ-որ մրցանակ կարող է լինել գագաթնակետ, երազանք և այլն: Դա իմ արժեհամակարգի մեջ չի մտնում: Մարդ ստեղծագործում է, որովհետև չի կարող ուղղակի չստեղծագործել, այլ ոչ թե ստեղծագործում է, որ փող կամ որևէ այլ բան տան: Դա պետք է լինի կյանքի ընթացք՝ ասենք կյանքի իմաստ: Դու անում ես, որ անես, որովհետև չես կարող: Ի՞նչ կբոյկոտեն, թե չեն բոյկոտի՝ կտեսնենք էլի, ես ինչ իմանամ: Երբ որ այդ ամեն ինչի մասին Հայաստանում է խոսվում, ես մի քիչ զարմանում եմ: Ասում եմ. «Դուք ընդհանրապես նայե՞լ եք, թե որտեղ եք գտնվում: Մեր ինչի՞ն է պետք «Օսկարը»: Հեռուստացույց է՝ կնայենք էլի»:

«Օսկար» մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթելու հավակնություն ունեցող ֆիլմերի համար սահմանված նոր չափանիշները երեկվանից միջազգային հանրահայտ լրատվամիջոցների գլխագրերում են:

Հիշեցնենք, տվյալ նոմինացիայի ֆիլմը պետք է համապատասխանի չորս չափանիշներից առնվազն երկուսին։ Այսպես, գլխավոր դերասաններից կամ երկրորդ պլանի կատարողներից մեկը պետք է լինի ռասայական կամ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ։ Եթե դա հնարավոր չէ` պայմանավորված ֆիլմի սցենարով, ապա ֆիլմի անձնակազմի առնվազն մեկ երրորդը պետք է լինեն կանայք, ԼԳԲՏ, ռասայական կամ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներ, կամ սահմանափակ հնարավորություններով մարդիկ։ Ակադեմիան այսպիսի պահանջներ ներկայացրել է ֆիլմի վրա աշխատող ստեղծագործական եւ տեխնիկական  անձնակազմին` ռեժիսորներին, սցենարիստներին, կոմպոզիտորներին, դիմահարդարներին, պրոդյուսերներին եւ այլն։ Այդ օրենքները վերաբերում են նաեւ մարքետոլոգներին, կինովարձույթով եւ ՓիԱր-ով զբաղվողներին։

Օլյա Շահինյան

1572